Ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու, մենք երեք ամիս է՝ աշխատավարձ չենք ստացել։
Այս մասին քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անահիտ Ղուկասյանը։
Թատրոնի կոլեկտիվը հավաքվել էր քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի․ դերասաններն արդեն 3 ամիս աշխատավարձ չեն ստացել, նրանք պահանջում էին բացատրություն, թե ինչու չեն ստանում աշխատավարձ։
«Չեմ պատկերացնում՝ ինչ կարող է ունենալ ղեկավարությունը Հայաստանի միակ մանկական թատրոնի հետ, որն ապահովում է մեր երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Չեմ հասկանում՝ ինչ կարող են ունենալ, որ երեք ամիս շարունակ մեզ աշխատավարձ չեն տալիս։
Ես ր 60 տարվա ստաժ ունեմ, ստանում են 86 հազար դրամ։ Եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու։ Որևէ մեկն իրեն հարց տալի՞ս է։
Երբ որ ամեն ինչի գինը բարձրանում է, լույսինը, գազինը, չե՞ն մտածում, որ դրա հետ աշխատավարձն էլ պետք է բարձրանա։
Չգիտեմ ՝ հավանաբար չունի քաղաքապետարանն այդ գումարը, կամ իրենց գրպանն ավելի մոտ է։ Ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու»,- ասաց նա։