Կարևոր իրադարձություններ

Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Եվրոպայի մի քանի երկրներում

28 Ապրիլ, 2025 21:09
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Եվրոպայի մի քանի երկրներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են Իսպանիայում, Պորտուգալիայում, Բելգիայում և Ֆրանսիայում:

Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի անջատոման արդյունքում միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Խափանումներ կան նաև տրանսպորտի և կապի համակարգերում, հայտնում է Euronews-ը։

Իսպանիայի և Պորտուգալիայի էլեկտրացանցերում էլեկտրաէներգիայի կորուստները մեծ ընդհատումից հետո գերազանցել են 10 ԳՎտ-ը, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով էլեկտրացանցերի օպերատորի տվյալներին:

Իսպանիայում առանց էլեկտրականության են մնացել Վալենսիան, Մադրիդը, Բարսելոնան և Սևիլիան, գրում է Levante-ն։

Խափանման պատճառով Մադրիդի մետրոյի մի մասը չի աշխատում, խնդիրներ կան նաև գնացքների, օդանավակայանների և հասարակական տրանսպորտի հետ կապված, ճանապարհներին չեն աշխատում լուսացույցները։

Վալենսիայում դադարել են աշխատել վերելակները, մետրոն և տրամվայները։ Հարյուրավոր ձեռնարկություններ և բնակելի շենքեր մնացել են առանց հոսանքի։ Անջատումը քաոս է առաջացրել փողոցներում և խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում։

Իսպանական El País թերթը, վկայակոչելով Red Eléctrica էլեկտրացանցերի օպերատորին, հայտնում է, որ երկրի էլեկտրացանցը վերականգնելու համար կպահանջվի մինչև տասը ժամ։

Ընկերությունը էլեկտրացանցերի խափանումն անվանել է «բացառիկ և չափազանց անսովոր»: Red Eléctrica-ում ձախողման պատճառների մասին դեռ ենթադրություններ չկան։ Նշվել է, որ հնարավոր է՝ ցանցում լուրջ «էլեկտրական տատանումներ» են եղել:

«Այս տատանումների պատճառով Իսպանիայի էլեկտրաէներգիայի համակարգը անջատվել է եվրոպական համակարգից: Այս խափանումը և տատանումները հանգեցրել են Պիրենեյան թերակղզու էլեկտրամատակարարման համակարգի փլուզմանը մոտավորապես ժամը 12:32-ին», - հայտնել է Red Eléctrica-ն:

Ընկերությունը հավելել է, որ էլեկտրաէներգիան արդեն վերականգնվել է երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող մի քանի շրջաններում։

Իսպանիայի կառավարությունը հետաքննում է էլեկտրաէներգիայի անջատումները՝ տարբեր նախարարությունների տարբեր տեխնիկական խմբերի ներգրավմամբ։ Կիբերանվտանգության ազգային ինստիտուտը (INCIBE) նույնպես ուսումնասիրում է էլեկտրաէներգիայի անջատման հետ կապված իրավիճակը կիբերհարձակման հավանականությամբ,  հայտնում է Levante-ն։

Անդորրայի և Ֆրանսիայի որոշ հատվածների բնակիչները նույնպես հայտնել են էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների մասին, հայտնում է Euronews-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվում նաև Բելգիայում։

Միաժամանակ Ֆրանսիայում վերականգնվել է էլեկտրամատակարարումը, հաղորդում են RTE ազգային էներգետիկ ընկերության աղբյուրները, որոնք մեջբերում է իսպանական Efe լրատվական գործակալությունը։

Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն ակնկալում է, որ էլեկտրացանցերի խնդիրները կլուծվեն մինչև օրվա վերջ։ Նրա խոսքով, հոսանքազրկման պատճառների տարբեր վարկածներ են դիտարկվում, սակայն ոչ մի նշան չկա, որ դա եղել է կիբերհարձակում։

Portugal Resident պորտալը գրում է, որ Պորտուգալիայի էլեկտրաէներգիայի վարչությունն արդեն սկսել է վերականգնել երկրի մի մասի էլեկտրամատակարարումը։

Ինչպես նշում է Bloomberg-ը, Եվրոպայում նման մասշտաբի հոսանքազրկումներ շատ հազվադեպ են լինում։

Նմանատիպ լուրջ միջադեպեր տեղի են ունեցել 2003-ին, երբ հոսանքազրկումը ազդել էր ամբողջ Իտալիայի վրա, և 2019-ին Լոնդոնում, երբ երկու հիմնական գեներատորներ՝ գազով աշխատող էլեկտրակայանը և ծովային հողմակայանը, գրեթե միաժամանակ անջատվել էին:

Լրահոս

Դիտել ավելին