Երբ եվրոպական կայսրությունները դեռ պատրաստվում էին «բացահայտել» նոր աշխարհը, Հյուսիսային Ամերիկայի սրտում արդեն ծաղկում էր քաղաքական միություն, որը հիմնված էր ոչ թե ուժի, այլ խոսքի ու համաձայնության վրա։ Դա Հաուդենոշոնի ժողովրդի՝ Իրոքվոյների պատմական դաշնությունն էր՝ այն, ինչ այսօր պատմության գրքերում հիշվում է որպես «Վեց ազգերի կոնֆեդերացիա»։
«Հաուդենոշոնի» բառացի թարգմանությամբ նշանակում է «երկար տանը ապրող մարդիկ»։ Այս անվանումը խորհրդանշում էր ոչ միայն նրանց տների կառուցվածքը, այլև նրանց կառուցած քաղաքական համակարգը, որը հիմնված էր համախմբվածության, ամրության և համատեղ կյանքի գաղափարի վրա։
Սկզբնապես այս դաշինքը ներառում էր հինգ ցեղ՝ Մոհոք, Օնեյդա, Օնոնդագա, Կայուգա և Սենեկա։ Նրանք ձգվում էին արևելքից արևմուտք՝ ներկայիս Նյու Յորքի տարածքում։ Բայց 1722 թվականին նրանց միացավ հարավից գաղթած Տուսկարորա ցեղը, և միությունը դարձավ Վեց ազգերի կոնֆեդերացիա։
Ի տարբերություն եվրոպական կառավարման համակարգերի, որոնց հիմքում ուժն էր ու պատժամիջոցները, Իրոքվոյների միությունը կառուցված էր «Խաղաղության մեծ օրենքի» վրա՝ մի տեսություն, որ դարեր շարունակ փոխանցվել է բանավոր ավանդույթով։ Ըստ այս պատմական զրույցների, դաշնության հիմքը դրել են երեք կարևոր կերպարներ՝ Մեծ Խաղաղարար Դեգանավիդան, Հիավաթան և ազգերի մայր Ջիգոնսասեն։ Նրանց նպատակը մեկն էր՝ վերջ դնել ցեղային պատերազմներին և ստեղծել խաղաղ գոյակցության համակարգ։
XVII–XVIII դարերում Իրոքվոյներն արդեն համարվում էին ռազմավարական խաղացողներ գաղութային քաղաքականության մեջ։ Նրանք ունակ էին խելացիորեն մանևրել բրիտանացիների, ֆրանսիացիների և այլ եվրոպական ուժերի հետ՝ պաշտպանելով իրենց շահերն ու տարածքները։
Բայց Հաուդենոշոնի ժողովուրդները միայն դիվանագետներ և ռազմավարներ չէին։ Նրանք հարուստ մշակույթ ունեին՝ զարգացած լեզու, հարուստ բանահյուսություն և խորը հավատ բնության ու կյանքի ցիկլի հանդեպ։ Նրանց լեզուները պատկանում են իռոքվոյան լեզվաընտանիքին, որին դասվում են նաև իրենց պատմական մրցակիցները՝ Վենդատ (Հուրոն), Էրի, Սուսքեհաննոկ և Սեն Լորան հովտի իրոքվոյները։
Չնայած պատմության բուռն շրջադարձերին, Իրոքվոյների ժառանգությունը չի մարել։ 2010 թվականի տվյալներով՝ Կանադայում բնակվում էր ավելի քան 45,000 Իրոքվոյների սերունդ, իսկ ԱՄՆ-ում՝ ավելի քան 81,000։ Նրանք շարունակում են պահպանել իրենց ինքնությունը, ավանդույթները և պատմական հիշողությունը՝ որպես խաղաղության, ինքնիշխանության և դիմադրության խորհրդանիշ։
Աղավնի Գրիգորյան