Կարևոր իրադարձություններ

Գյումրին խորհրդարանական ժողովրդավարության դասական դրսևորում էր. Կարեն Թորոսյան

23 Փետրվար, 2026 15:40
Գյումրին խորհրդարանական ժողովրդավարության դասական դրսևորում էր. Կարեն Թորոսյան

Կարեն Թորոսյանը գրել է․
«Վերջին օրերին իշխանությունների շուրթերից անդադար հնչում է «Գյումրի 2 չի լինելու» ձևակերպումը։ Այս միտքը վերածվել է կպչուն-սևեռուն մտքի և ուղակիորեն հանգիստ չի տալիս իշխանական թիմին։ Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում «Գյումրի 2» արտահայտությունը։ Իշխանությունը, բնականաբար, նկատի ունի նախորդ տարի կայացած Գյումրու ՏԻՄ ընտրությունները, որտեղ անցողիկ շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր ուժեր միավորվելով, քաղաքապետ ընտրեցին ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Հետևաբար, թարգմանաբար «Գյումրի 2 չի լինելու» արտահայտությունը նշանակում է՝ սահմանադրական կարգով իշխանափոխություն չի լինելու։ Գյումրիում տեղի ունեցածը խորհրդարանական ժողովրդավարության դասական դրսևորում էր, և երբ իշխանությունը պնդում է, թե «Գյումրի 2 չի լինելու» դա ուղիղ նշանակում է, որ ժողովրդավարական և կամ պառլամենտական գործիքներով ՀՀ-ում իշխանությունը չի փոխվելու։

Այդեղից տրամաբանական հարց է բխում՝ իսկ այդ պարագայում ի՞նչ եղանակով կամ ինչ գործիքներով է Հայաստանում տեղի ունենալու իշխանափոխություն։

Երրորրդ հանրապետության պատմությունը վերհիշելով՝ կարող ենք ասել, որ երբ ՀՀ-ում տևական ժամանակ հնարավոր չի լինում ընտրական կամ իրավական այլ ճանապարհով իշխանություն փոխել, տեղի են ունենում սոցիալ-քաղաքական ցնցումներ և աղետներ։ Կարող ենք վերհիշել 1996 թ. ընդվզումները, մարտի 1-ը, Սասնա Ծռերի զինված ապստամբությունը և այլն։ Առհասարակ, ավտորիտար մոդելներում, երբ տևական ժամանակ հնարավորություն չի լինում հարաբերականորեն ժողովրդավարական միջոցներով իշխանափոխություն իրականացնել, ապա գործի են դրվում հակաիրավական և հակաինստիտուցիոնալ մեթոդները՝ ռազմական հեղաշրջումներ, բռնի քաղաքացիական անհնազանդության ալիքներ, այլ երկրի միջամտությամբ իշխանափոխություն, ներիշխանական ինտրիգների արդյունքում պալատական հեղաշրջումներ և այլն։

Արդյոք Նիկոլ Փաշինյանը, որը երկար ժամանակ եղել է և´ արմատական ընդդիմադիր գործչի դերում, և´ դասական խորհրդարանական ընդդիմադիրի և գունավոր հեղափոխության առաջնորդի կարգավիճակում, չի գիտակցում, որ ագրեսիվ ավտորիտարիզմի և հռետորական սրացման արդյունքը կարող է ողբերգական ավարտ ունենալ իշխանությունների համար։ Ակնհայտ է, որ Փաշինյանի և գործող իշխանության էլեկտորալ շահերից է բխում քաղաքական մթնոլորտի հանդարտեցումը և առավել «ապաքաղաքական քարոզարշավի» անցկացումը։ Եթե նախընտրական փուլը և քարոզարշավը անցնում են առավելապես ապաքաղաքական մթնոլորտում, «վարչաԲենդերի» և այլ ապոլիտիկ շոուների, հակաէսկալացիոն հռետորաբանության և սոցիալական ապատիայի պայմաններում, ապա իշխանության վերընտրվելու հավանականությունը մեծանում է։

Իշխանությունների համար էլեկտորալ գործընթացի միջոցով վերարտադրվելու միակ հնարավորությունը ցածր մասնակցությունն ու ընդդիամդիր էլեկտորատի պասիվությունն ու ապակենտրոնացնում է։ Իսկ այս ագրեսիվ հռետորաբանությունը, ներքաղաքական կյանքի սրացումը և ցուցադրական ավտորիտարզիմը տալիս են ուղիղ հակառակ արդյունքը։ Այդ պարագայում ինչու է իշխանությունը և մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանը, տալիս նման ոչ ադեկվատ և իր համար քաղաքականապես ոչ շահեկան արձագանք, դժվար է ասել։ Թերևս միակ հիմնավոր բացատրությունն այն է, որ պարբերաբար Փաշինյանի սեղանին են դնում սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք իրեն և ողջ իշխանական բուրգին գցում են ցուգցվանգի մեջ։ Այդ հարցումները ակնհայտոր են ցույց են տալիս, որ ընդդիմադիր համակարգերը ունեն լուրջ պոտենցիալ և ճիշտ գործելու դեպքում ի վիճակի են օրենքի տառին, սահմանադրության բոլոր պահանջներին համապատասխան նոր իշխանություն ձևավորելու։

Իշխանությունը իր մարտավարական սխալները քողարկելու համար թույլ է տալիս հաջորդ սխալները։ Կկարողանա ընդդիմությունը օգտվել սրանից, այլ հարց է»։

Լրահոս

Դիտել ավելին