1.Յուրաքանչյուր առավոտ արթնանալով՝ մտածեք, որ դա ձեր կյանքի լավագույն օրն է: Միանգամայն լուրջ, արեք այդպես: Արթնանալուն պես՝ մտածեք, որ ամբողջ տարին սպասում էիք այդ օրվան: Սպասեք հրաշքի, մի ափսոսացեք հաճոյախոսությունները, մի զսպեք ծիծաղը, հաճախ գրկեք հարազատներին, ընկերներին, հագեք ձեր ամենասիրելի հագուստը և ժպիտով դուրս եկեք տնից:
2.Մտածեք ձեր սիրելի գրքի հերոսի կամ ֆիլմի կերպարի մասին. նա է՞լ էր այդքան տխուր դեմքով անցկացնում իր օրը, ամենափոքր անհաջողությունից "քիթը կախում", իհարկե ոչ, ուրեմն դուք էլ մի քիչ ավելի կենսուրախ դարձեք, վարակվեք կյանքի հանդեպ սիրով:
3.Շրջապատեք ձեզ բարությամբ, նայեք երջանիկ ավարտով ֆիլմեր, եթե դրանք ձեզ չգոհացնեն՝ համարձակորեն վերցրեք ձեր մանկության սիրելի հեքիաթների գիրքը և կարդացեք: Այդ դեպքում հաստատ ձեր աշնանային "մելանխոլիան" կանցնի☺
4.Զբաղված եղեք, ոգեշնչվեք որևէ թարմ գաղափարով, եթե մինչև հիմա երազանք չունեք՝ հորինեք ձեզ համար ամենագեղեցիկ ու ամենանվիրական ցանկություններից բաղկացած երազանքը և արեք ամեն ինչ՝ այն իրական դարձնելու համար:
5.Ընկերների հետ ավանդույթ դարձրեք՝ ամեն հինգշաբթի պիցցա ուտել, ինչու՞ հինգշաբթի, դե, որովհետև առջևում շաբաթվա լավագույն օրերն են՝ ուրբաթ, երբ գիտես, որ հաջորդ 2 օրերը կարողես նվիրել ինքդ քեզ, հետո՝ շաբաթ, կիրակի☺ Հինգշաբթի օրվա փոքրիկ երեկույթն էլ թող գալիք հանգստյան օրերի "նախերգանքը" լինի:
6.Երազե՛ք: Ամեն գիշեր, աչքերը փակելով, մտածեք ձեզ համար ամենահաճելի բանի մասին, պատկերացրեք, որ ձեր երազանքն արդեն իրական է, և առավոտյան անհամեմատ ավելի ուրախ տրամադրությամբ կարթնանաք:
7.Մի՛ մոռացեք ամենափոքրիկ, բայց գրեթե ամենակարևոր բաների մասին՝ Կառլսոնի պես մուրաբաներ կերեք☺ կամ գոնե քաղցր փքաբլիթներ, շոկոլադ, այն ամենն, ինչ ուտելիս ժպտում եք☺ Վառ հագուստներ կրեք, թող ձեր հագուստը սազի աշնան վառ և հագեցած երանգների հետ: Գեղեցիկ երաժշտություն լսեք՝ ձեր ամենասիրելին, բայց մի մոռացեք հաճախ թարմացնել ձեր երգացանկը: Քայլեք չորացած տերևների միջով, վերնահագուստի թևերը քաշեք մինչև մատների ծայրերը, հյութի մեջ ձողիկով պղպջակներ առաջացրեք, ձեռքերը տաքացրեք տաք թեյի բաժակով և շատ, շատ, շատ ժպտացեք:
Աղբյուրը՝ Barometer.am