Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում հաստատվել է լարված իրավիճակ և չէր կարելի անցկացնել ընտրություններ. Ռուբեն Սաֆրաստյան

01 Նոյեմբեր, 2015 10:23
Թուրքիայում հաստատվել է լարված իրավիճակ և չէր կարելի անցկացնել ընտրություններ. Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայում այսօր մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նշենք, որ հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաշտպանող իշխող «Արադարություն և զարգացում» կուսակցությունը չկարողացավ հավաքել ձայների մեծամասնությունը և միանձնյա ղեկավարել երկիրը, որից հետո նշանակվեցին արտահերթ ընտրություններ: Թե ինչ պատկեր կստեղծվի այս ընտրությունների արդյունքներով, Tert.am-ը զրուցեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ:


-Պարո՛ն Սաֆրաստյան, ի՞նչ արդյունքներ են կանխատեսվում այսօր անցկացվող ընտրություններից:


-Դժվար է ասել, թե ինչ պատկեր կլինի ընտրություններից հետո, նախ որովհետև հարցումների արդյունքները հակասական են: Մյուս կողմից պետք է հաշվի առել, որ այս ամիսների ընթացքում Էրդողանին հաջողվեց երկրում հաստատել հակակքրդական հիստերիայի մթնոլորտ, մյուս կողմից ավելի ուժեղացան տարբեր տեսակի ճնշումները այլախոհների դեմ և տեղի ունեցան բազմաթիվ դատական գործերի հարուցումներ, ձերբակալություններ: Երրորդ՝ էրդողանին հաջողվեց գրգռել զանգվածին. տեղի ունեցան զանգվածային հարձակումներ այլ կուսակցությունների գրասենյակների վրա, քրդական քաղաքներում հարձակումներ քրդական կազմակերպությունների ներկայացուցիչների վրա: Երկրում հաստատվել է լարված իրավիճակ ու այդ լարված իրավիճակում իրականում չէր կարելի անցկացնել ընտրություններ:Բայց հենց այս վիճակն է Էրդողանը փորձում օգտագործել ձայներ կորզելու համար:


-Այս ամիսների ընթացքում, հատկապես արտաքին քաղաքականության մի շարք հարցրերում ունեցած ձախողումներից հետո՝ մասնավորապես սիրական հակամարտւթյան հարցում, Էրդողանի վարկանիշը անկում չի՞ ապրել:


-Նրա վարկանիշը երկու անգամ ընկել էր դեռ ամռան ընտրություններին: Ես համոզված եմ, որ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում այս վարկանիշը ավելի ընկած կլինի: Եթե առաջ 80% էր, հիմա 40% է հազիվ հասնում: Բայց, այնուամենանիվ, նա պարտություն չի կրի, քանի որ թուրքական հասարակությունը աչքի է ընկնում նրաով, որ այստեղ զարգացած չեն հասարակական ինստիտուտները, հասարակության քաղաքական գիտակցությունը ցածր մակարդակի վրա է գտնվում, լայն տարածում ունեն ծայրահեղական, պանիսլամիստական գաղափարախոսության կրողները, մարդկանց գրագիտության մակարդակն է ցածր:Հենց սրա վրա է խաղում էրդողանը, փորձում է հիմնական զանգվածին իր հակաքրդական հիստերիայով, իր հարձակումներով այլ կուսակցությունների վրա վախի մթնոորտ ստեղծել երկրում ու դրա համար որպես թիրախ ընտրվում են քրդերը: Այս պայմաններում կարծում եմ, որ նա բակավան շանսեր ունի հասնելու իր նպատակին՝ 45-46% ձայներ ապահովելով:


-Հայկական հարցի տեսակետից ո՞ր կուսակցությունն է կարևոր, որ հայտնվի խորհրդարանում:


-Իհարկե, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», որը և՛ իր հայտարարություններում, և՛ փաստաթղթղերում խոսում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, բայց այդ կուսակցությունը, եթե նորից կարողանա մտնել խորհրդարան շատ ձայներ չի ստանա, որովհետև փոքր հատվածն է ներկայացնում թուրքական ընտրազանգվածի: Մնացած կուսակցությունների մոտ հատուկ մոտեցում Հայոց ցեղասպանության ճանաչման կամ հայկական հարցի շուրջ, չեմ տեսնում:
 

-Թուրքական խորհրդարանում՝ Մեջլիսում գործող երեք պատգամավորները հնարավորություն ունե՞ն կրկին հայտնվելու խորհրդարանում:

 

-Ես կարծում եմ, որ այո, որովհետև նրանց ներգրավումը կուսակցական ցուցակների մեջ, քաղաքական որոշումներ են կուսակցության ղեկավարների կողմից:

Լրահոս

Դիտել ավելին