Կարևոր իրադարձություններ

«100 տարի անց ժխտել Ցեղասպանությունը». Փարիզում անցկացվել է ժխտողականության դեմ պայքարի ազգային 5-րդ գիտաժողով

02 Նոյեմբեր, 2015 11:37
«100 տարի անց ժխտել Ցեղասպանությունը». Փարիզում անցկացվել է ժխտողականության դեմ պայքարի ազգային 5-րդ գիտաժողով

Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ին Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Ժխտողականության դեմ պայքարի ազգային 5-րդ գիտաժողովը՝ «100 տարի անց ժխտել Ցեղասպանությունը» թեմայով: Նիստն անցկացվում էր արդարադատության նախարար Քրիսթին Թոբիրայի բարձր հովանու ներքո, կազմակերպված էր հայտնի աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելի կողմից: Զրույցը վարում էր «ԱՅԲ-Էֆ-Էմ» հայկական ռադիոյի հաղորդավար Վարդան Գաբրիելյանը: Ներկա էին շուրջ 100 մասնակիցներ, մեծ մասամբ Փարիզի գործարարության վարժարանի (Paris School of business) ուսանողներ:

Զեկուցեցին պատմաբաններ Վենսան Դյուքլերը, Իվ Թերնոնը և Գլեր Մուրադյանը, լրագրող Կայծ Մինասյանը և Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը: Վերջինս արտահայտեց հայ համայնքի մտահոգությունը Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի վճռի կապակցությամբ՝ նշելով, որ «մթնոլորտը անառողջ է. ազատությունը պետք չէ շահագործել՝ արդարացնելու համար ժխտողականությունը»։

Ապա տեղի ունեցավ կլոր-սեղան, որի ժամանակ արտահայտվեցին Բեռնար Բրունըթը, Արմեն Գույումջյանը և Րաֆֆի-Ֆիլիպ Գալֆայանը, որ հարցադրման ենթարկելով ժխտողականության պատժելիությունը՝ հարց բարձրացրեց, թե արդյոք իսկապե՞ս ճիշտ լուծում է դա, նպատակահարմա՞ր է այդ ուղղությամբ տարված քաղաքականությունը: Գիտաժողովն ավարտվեց CCAF-ի համանախագահ Արա Թորանյանի, Կայծ Մինասյանի և թուրք քաղաքագետ Ալի Քազանճըկիլի զեկուցումներով, որոնք ներկայացրին Ֆրեդերիկ Անսելի նախագահած վերջին կլոր-սեղանի ընթացքում:

Լրահոս

Դիտել ավելին