Այժմ նորաձև է սեփական բնական տեսքը, իսկ նույնիսկ ամենավարպետորեն արված տատուաժը բնական տեսք չի ունենա և չի կարող փոխարինել իսկական հոնքերին։ Նայիր հոլիվուդյան աստղերի լուսանկարները։ Ինչ-որ մեկի մոտ տատուաժ արված հոնքեր տեսնո՞ւմ ես։ Ոչ։ Իսկ ի՞նչ ես կարծում՝ ինչու։ Որովհետև դրա նորաձևությունը մնացել է հեռավոր անցյալում։ Աղջիկները օգտագործելով մշտական դիմահարդարման բոլոր տարբերակները՝ սկսեցին աստիճանաբար դրանցից հրաժարվել։ Թեև, եթե քեզ հոգեհարազատ է Անաստասիա Վոլոչկովայի կերպարը, ապա, խնդրեմ, առաջ։
Դու պետք է հասկանաս, որ հոնքերի տատուաժը երկարաժամկետ է (մի քանի ամսվանից մինչև մի քանի տարի), և եթե այն արել են անհաջող (ինչը շատ հաճախ է պատահում), տուն գնալ և պարզապես այն մաքրել չի ստացվի։ Ոչ օճառով, ոչ դիմահարդարումը մաքրող միջոցներով, ոչնչով։ Գեղեցկության սրահներում դիմահարդարները հաճախ ստիպված են լինում սպիտակեցնել տատուաժ արված հոնքերը և փորձել դրանց տեղում նոր մի բան ստանալ։ Դա շատ աշխատատար գործընթաց է, իսկ արդյունք ոչ ոք չի երաշխավորում։ Կարծում ենք՝ սեփական դեմքի հետ նման ռիսկի գնալ պետք չէ։
Միակ փորձված միջոցը, որի օգնությամբ կարելի է ազատվել անհաջող ստացված տատուաժից, դրա հեռացումն է լազերով, որը ցավոտ և թանկարժեք մեթոդ է։ Ամենատհաճն այն է, որ «նկարված հոնքերից» վերջնականապես ազատվելու համար անհրաժեշտ է կատարել 4−5 սեանս, որոնք, սովորաբար, տևում են մի քանի ամիս։ Դու պատրա՞ստ ես դրան։
Բոլոր դիմահարդարները միաձայն պնդում են, որ հոնքերի տատուաժը (իսկ դրանց հետ նաև շուրթերինը) ծերացնում են, բայց, չգիտես ինչու, աղջիկները դրան չեն հավատում։ Իսկ դա, ցավոք, պարզ ճշմարտություն է։ Դրանք այնքան անբնական տեսք ունեն, որ նույնիսկ ճիշտ ընտրված գույնի դեպքում տարիքն ավելացնում են 5 տարով։
Տատու սրահները առաջարկում են հոնքերի տատուաժի մի քանի տեսակ․ յուրաքանչյուր մազիկի նկար, որը հենց նույն «3D տատուաժն է», մոմե տատուաժ, որը նույնպես «ձևանում է» իսկական մազիկ, և այլն։ Տեսականորեն ամեն ինչ հրաշալի է հնչում, բայց աշխատելիս վարպետները ոչ միշտ են հասնում ցանկալի արդյունքին։
Ամենատարածված սխալը շատ մուգ գունանյութն է, որի պատճառը սխալ ընտրված ներկն է։ Նման դեպքերում սրահը, որպես կանոն, առաջարկում է անվճար լազերի միջոցով բացացնել գույնը, բայց դա, ինչպես նշեցինք վերևում, երկար ժամանակ է պահանջում, քանի որ մեկ սեանսով դա անել հնարավոր չէ։ Հանդիպում են նաև շատ ավելի տհաճ սխալներ, օրինակ՝ անհամաչափություն, երբ հոնքերից մեկը մյուսից վերև է լինում կամ հաստ։ Ավաղ, եթե անգամ մոտ ընկերուհիդ է խորհուրդ տվել ինչ-որ սրահ, դա դեռ փաստ չէ, որ քո բախտը կբերի․ այդ տատուաժ կոչվածը շատ քմահաճ երևույթ է։