Կարևոր իրադարձություններ

Ծեծի ենթարկված ազատամարտիկի փաստաբանն այլևս չի զբաղվում նրա պաշտպանությամբ

03 Նոյեմբեր, 2015 11:41
Ծեծի ենթարկված ազատամարտիկի փաստաբանն այլևս չի զբաղվում նրա պաշտպանությամբ

Սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այլևս չի զբաղվում նրա պաշտպանությամբ:

Այս մասին Shabat.am-ին հայտնեց հենց Տիգրան Հայրեպետյանը:

«Սմբատ Հակոբյանն արդեն ուրիշ փաստաբան ունի, ես այլևս չեմ զբաղվում այդ գործով»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով,  դա փոխադարձ համաձայնությամբ կայացրած որոշում է եղել:

Նշենք, որ Տիգրան Հայրապետյանը Սմբատ Հակոբյանի գործով զբաղվել է մեկ ամսից ավել:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, այսօր տեղի է ունենալու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի առերեսումը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով հիվանդանոցում հանդես եկավ հայտարարությամբ և պնդեց, որ իրեն ծեծի ենթարկողների մեջ եղել է Հայրապետյանի թիկնազորի անդամներից մեկը: Ազատամարտիկը հետագայում հանդես եկավ մամլո ասուլիսով և հրապարակեց իր և Հայրապետյանի հեռախոսազրույցի սղագրությունը, որում Հայրապետյանը սպառնալիքներ է հնչեցրել Սմբատ Հակոբյանի հասցեին։

Վերջերս մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն էլ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության գործի շրջանակներում Քննչական կոմիտե է հրավիրվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս տեղեկությունները հաստատել են նաև ՔԿ-ից:

Հավելենք, որ  Shabat.am-ը այս տեղեկությունների մասին փորձել էր  մեկնաբանություն ստանալ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, սակայն վերջինս նույնիսկ չլսեց թե հարցը ինչի մասին է:

« Աղջիկ ջան, լսեք, ես Հայաստանում չեմ, Գերմանիայում եմ…ու ինձ հեռախոսով մի զանգահարեք հարցազրույց վերցնելու»,-ասաց նա, անջատելով հեռախոսը:

Տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուբեն Հայրապետյանն այս պահին Հայաստանում է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին