Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է «Յանդեքս տաքսի» ծառայությանը պայմանագրեր կնքել միայն լիցենզիաներ ունեցող տաքսիների հետ: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ պատասխանելով Shabat.am-ի այն հարցին, թե «Յանդեքս տաքսի» ծառայությունը դիմե՞լ է նախարարությանը լիցենզիա ստանալու համար:
«Այսօր մեզ մոտ գրանցված լիցենզաիներ ունեցող մոտ 10.000 տաքսի կա: Օրենքի շրջանակներում «Յանդեքս տաքսին» պետք է անպայման պայմանագիր կնքի լիցենզիա ունեցող տաքսիստի հետ և ոչ մի խնդիր չունի»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով անհատ տաքսիստների բարձրացրած խնդիրներին, նախարարը հայտնեց, որ հանդիպել է նրանց ու առաջարկել, որպեսզի կառավարության և նրանց միջև իրավաբանական խումբ ստեղծվի. «Եթե ընդունել ենք օրենք, որը չի գոհացնում տաքսիստների մի մասին, եթե կան հակասաւոթյուններ, աշխատնեք նոր օրենքի վրա:Պետք է ներկայացնենք նոր օրենքը, երբ մոտ 80-90 տոկոսով այն կընդունվի ժողովրդի ու տաքսիստների կողմից, կարելի է դիմել ԱԺ և օրենքի փոփոխություն անել»: