Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնութեան խորհրդի նախագահին

03 Նոյեմբեր, 2015 17:03
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնութեան խորհրդի նախագահին

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան Դաշնային ժողովի Դաշնութեան խորհրդի նախագահ Վալենտինայ Մատուիենկոյի գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինէ Նաղդալեանի:

Հանդիպման սկզբում Նորին Սրբութիւնը ցաւակցութիւն յայտնեց հոկտեմբերի 31-ին Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ չուերթ իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցութեամբ:

Իր հերթին տիկին Վ.Մատուիենկոն իր վշտակցութիւնը յայտնեց Նորին Սրբութեանը ՌԴ Տուլայ քաղաքի մայրուղու վրայ տեղի ունեցած աւտովթարի առիթով, որի զոհ են դարձել ՀՀ քաղաքացիներ:

Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձաւ դարերի հոլովոյթում ձեւաւորուած հայ-ռուսական բարեկամական սերտ կապերին ու ներկայիս երկու երկրների միջեւ առկայ գործակցութեանը:

Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ նշեց, որ Ռուսաստանի Դաշնութիւնում առկայ հայկական համայնքները մշտապէս զգացել են երկրի իշխանութիւնների աջակցութիւնն ու հոգածու վերաբերմունքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի մասնաւորի իր գնահատանքը յայտնեց տիկին Վ. Մատուիենկոյին Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդի հանդէպ դրսեւորած ջերմ վերաբերմունքի համար:

Ի պատասխան տիկին Մատուիենկոն ուրախութիւն արտայայտելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի համար նշեց, որ յատուկ ակնածանք ունի հայ ժողովրդի եւ համայն հայութեան հոգեւոր կենտրոնի հանդէպ:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնութեան խորհրդի նախագահն ընգծեց, որ Ռդ-ում հայ համայնքների եւ նրանց գործունէութեան համար ստեղծւում են բոլոր անհրաժեշտ պայմանները` բազմադարեայ հայ-ռուսական բարեկամութեան ոգուն համահունչ: Նա յաւելեց, որ երկու ժողովուրդներին միաւորում է քրիստոնէական միեւնոյն արժեքների վրայ խարսխուած հոգեւոր ընդհանրութիւնը, որը զօրանում ու ամրապնդւում է նաեւ Հայաստանեայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջանքերով:

Հանդիպմանը մասնաւոր անդրադարձ կատարուեց Ղարաբաղեան համակարտութեան խնդրին: Զրուցակիցներն ընդգծեցին, որ այն կարող է կարգաւորուել միմիայն խաղաղ, բանակցային ճանապարհով: Խօսուեց նաեւ հոգեւոր առաջնորդների կողմից ձեռնարկուող խաղաղասիրական ջանքերի մասին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնութեան խորհրդի նախագահը խօսեցին նաեւ Միջին Արեւելքում, ի մասնաւորի Սիրիայում տիրող դժուարին իրավիճակին: Ցաւով արձանագրուեց, որ երկրում տիրող ծանր կացութեան պատճառով տուժում է խաղաղ բնակչութիւնը, յատկապէս վտանգւում

է քրիստոնեաների կեանքը, կործանւում են սրբավայրեր եւ պատմամշակութային հնութիւններ:

Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ գործադրուող ջանքերի շնորհիւ խաղաղութիւնը շուտափոյթ հաստատուի երկրում եւ Սիրիայի ժողովուրդը վերագտնի իր բնականոն կեանքի ընթացքը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Երկնաւոր Տիրոջը, որպէսզի հայ եւ ռուս բարեկամ ժողովուրդների բարի իղձերը կեանքի կոչուեն եւ նրանց կեանքում բացառուեն աղէտներն ու ամէն տեսակի դժուարութիւնները:

Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանն ու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանը:

Լրահոս

Դիտել ավելին