Կարևոր իրադարձություններ

Օբաման խոստացել է ամերիկյան հատուկջոկատայիններին չուղարկել Սիրիայի առաջնագիծ

03 Նոյեմբեր, 2015 17:48
Օբաման խոստացել է ամերիկյան հատուկջոկատայիններին չուղարկել Սիրիայի առաջնագիծ

ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատի մարտիկների ոչ մեծ խումբ Սիրիա ուղարկելը չի խախտում այդ երկիր ցամաքային ուժեր չուղարկելու Վաշինգտոնի խոստումը: Այս մասին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Մենք ամերիկացի զինվորներ չենք ուղարկում ճակատային գիծ, որտեղ նրանք կմասնակցեին ԴԱԻՇ-ի հետ փոխհրաձգություններին»,- ասել է Օբաման:

«Մի մոռացեք, որ մենք արդեն հատուկ գործողություններ ենք իրականացրել (Սիրիայում): Այս ամբողջ ժամանակ ես հետևողականորեն պնդում էի, որ մենք չենք կռվի այնպես, ինչպես դա արել ենք Իրաքում՝ գումարտակներով և տարածքներ գրավելով: Դա խնդիրը չի լուծում»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ Օբաման բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցամաքային զորքեր չի ուղարկի Սիրիա: Այդուհանդերձ, հոկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Օբաման թույլատրել է Սիրիայի հյուսիսում ամերիկացի հատուկջոկատայինների խումբ տեղակայել՝ մոտ 50 մարտիկ:

Ինչպես նշել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը՝ «այդ ուժերը մարտական գործողություններ չեն կատարի»: Նրանց նպատակն է «ուժեղացնել տեղական ռազմականացված կազմավորումների մարտունակությունը՝ նրանց գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար»:

Լրահոս

Դիտել ավելին