Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ընտրական գործընթացն անարդար էր. ԵԽԽՎ

03 Նոյեմբեր, 2015 22:44
Թուրքիայում ընտրական գործընթացն անարդար էր. ԵԽԽՎ

Արեւմտյան դիտորդները խիստ քննադատության են ենթարկել Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ մթնոլորտը, որում անցկացվել է ընտրական արշավը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Euronews հեռուստաալիքը:

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը վերադարձրել է խորհրդարանում իր մեծամասնությունը, սակայն, ԵԱՀԿ ներկայացուցիչներն ընդգծում են, որ նախընտրական գործընթացները շատ խաղացողների զրկել է արշավ անցկացնելու հնարավորությունից:

Իսկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Անդրեաս Գրոսն ավելի խիստ է արտահայտվել:

«Ցավոք, մենք հարկադրված ենք շեշտել, որ ամբողջ ընտրական արշավը եղել է անարդար եւ ուղեկցվել է ուժի ու վախի մթնոլորտի կիրառմամբ: Իսկ վախը ժողովրդավարության եւ ազատ ընտրության թշնամին է», -ասել է նա:

Euronews-ը հայտնում է, որ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո մեծ մասամբ քրդերով բնաեկցված Դիարբեքիրում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցույցը ցրելու համար: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հազիվ է կարողացել անցնել խորհրդարան` կորցնելով 3 տոկոսից ավելի աջակցություն քվեարկության արդյունքում:

Թուրքական իշխանություններին քննադատում են բռնության եւ վախի մթնոլորտ ստեղծելու համար, բայց կառավարությունը ժխտում է բոլոր մեղադրանքները:

Արեւմտյան դիտորդները նշում են նաեւ մամուլի վրա ուժեղացած ճնշումը: Այսպես, անցյալ շաբաթ ոստիկանությունն արշավ էր անցկացրել «Քոզա-Իփեք» մեդիախմբի գրասենյակում, որի լրագրողները հանդես են գալիս կառավարության քննադատությամբ: Արդյունքում ընկերության նոր ղեկավար է նշանակվել, հայտնում է Euronews-ը:

Լրահոս

Դիտել ավելին