«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։
-Պարոն Ցոլակյան, Գյումրիում, կամ ընդհանրապես Շիրակի մարզում ի՞նչ փուլում է գտնվում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը, ի՞նչ աշխատանքներ եք կատարել:
-Ես մարզային շտաբի պետ եմ, համակարգող եմ: Շտաբներն ենք ձևավորում, հանձնաժողովների շրջանակներում կուսակցական գծով ենք աշխատում, որ կուսակցություններն իրենց թեկնածություններն առաջադրեն: Մյուս մասն էլ արդեն ագիտացիան է, որ ներկայացնենք սահմանադրական փոփոխությունները:
-Գյումրեցիներին ինչպե՞ս եք համոզելու, որ ԱՅՈ քվեարկեն:
-Բազմաթիվ գործեր է արվել Գյումրիում: Դա է հիմնական համոզելու գործոնը:
-Բայց ինչ կապ ունեն սահմանադրական փոփոխություններն արված գործերի հետ: Չէ որ դա նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ չեն, որ մադիկ որոշեն, թե որ կուսակցությանը կամ որ թեկնածուին ընտրեն:
-Կապ ունի: Մարդկանց ապրելու համար գործեր են արվել, ու դա նրանց տրամադրությունը դեպի դրական է փոխում: Ես սահմանադրագետ չեմ, բայց ես գիտեմ մի բան՝ այս փոփոխությունները նպաստելու են կառավարման համակարգի փոփոխությանը: Կոնկրետ՝ միանձնյա ղեկավարումը փոխվելու է, ու կոլեկտիվ ղեկավարում է առաջանալու: Ավելի շատ մարդ է մասնակցելու երկրի կառավարմանը:
-Անգամ եթե այդպես լինի, կարծում եք դա սոցիալապես վատ վիճակում գտնվող գյումրեցիներին հետաքրքրո՞ւմ է: Մարդիկ դժվար են ապրում ու այդ պատճառով արտագաղթում են: Նրանց այդ վիճակում հետաքրքրո՞ւմ է իշխանությունների այդ նախաձեռնությունը:
-Այդ երևույթները բոլոր տեղերում էլ կան, Գյումրիում՝ առավել ևս: Հետո՞:
-Եվ այդ պատճառներով գյումրեցիներին դժվար կլինի համոզել, թե ԱՅՈ քվեարկեք:
-Մենք էլ կփորձենք համոզել: Դժվարություններ կան, բայց այդ դժվարությունները պետք է հաղթահարել:
Ավելին` http://www.1in.am/1760091.html