Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մեկնարկել են «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր» միջոցառման եզրափակիչ փուլի մրցումները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը՝ նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանը միջոցառման բացման հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին է փոխանցել նախարար Գաբրիել Ղազարյանի ողջույնի խոսքը և նշել, որ նման մրցումները նպաստում են մեր երիտասարդների թե՛ ֆիզիկապես թե՛ հոգեպես կոփվելուն, ինչը օգնում է նրանց հայոց բանակում ծառայելու ընթացքում:
2015 թ. նոյեմբերի 3-ից 5-ը անցկացվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված ռազմամարզական խաղերին մասնակցում են ՀՀ մարզերում և Երևան քաղաքում առաջին տեղերը գրաված հանրակրթական դպրոցների թիմերը՝ թվով 99 աշակերտ:
Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մրցաձևերը՝ նռնակի նետում (Ֆ-1 ուսումնական), 8 կգ-անոց ուսապարկով փոխանցումավազք (4 x 50 մ), ինքնաձիգի քանդում-հավաքում, կրոսավազք (1000 մ), հրաձգություն (օդամղիչ hրացանով), ձգումներ պտտաձողից:
Ռազմամարզական խաղերն անցկացվում են սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, 4 փուլով`
1-ին փուլ - ներդպրոցական մասսայական մրցումներ (սեպտեմբեր ամսին), որոնց մասնակցել են 31245 ավագ տարիքի դպրոցական պատանիներ.
2-րդ փուլ - տարածաշրջանային և Երևան քաղաքի վարչական շրջանների մրցումներ (հոկտեմբերի 1-14-ը).
3-րդ փուլ - Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի առաջնություններ (հոկտեմբերի 18-26-ը).
4-րդ փուլ - եզրափակիչ մրցումներ, որոնք անցկացվում են նոյեմբերի 3-5-ը, Երևան քաղաքում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: