Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, թե սոցիալական բյուջեի 50 տոկոսը նախատեսվում է առողջապահության, կրթության, մշակույթի ծրագրերի համար, ինչը հնարավորություն կտա սոցիալական լարվածությունը թեթևացնելու համար անել հնարավոր ամեն ինչ։
Ինչ վերաբերում է աղքատությանը, ապա նա ասաց. «Ընդհանրապես աղքատությունը բազմագործոն երևույթ է, և առաջին հերթին նկատի է առնվում եկամտային ապահովվածությունը: Բնական է, որ կյանքը ավելի դժվարանալու է հաջորդ տարում»,- ասաց նախարարը:
Արտեմ Ասատրյանը ակնառու սոցիալական բարեփոխումներից մեկը համարեց ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը:
«Այն նշանակում է, որ մենք ձևավորում ենք սոցիալական ծառայությունների մեկ միասնական ընդունարանի կամ մեկ պատուհանի սկզբունքը, որտեղ քաղաքացիները իրենց բոլոր սոցիալական խնդիրներով դիմում են և ստանում են համալիր սոցիալական ծառայություններ»,- ասաց նա:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ վերջին տվյալներով՝ աղքատության մակարդակը 32 տոկոս է կազմում: