Armlur.am-ը գրում է. Սեպտեմբերի 21-ին` անկախության 24-ամյակի օրը, դաժան ծեծի էր ենթարկվել «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ազատամարտիկը միջադեպից րոպեներ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ տեղի ունեցող ինքնիշխանության երթին։ Դեպքից հետո նա իրեն այցելած լրագրողներին ասել է, որ ծեծի ենթարկողների մեջ նկատել է Տիգրան անունով երիտասարդի, ում հիշում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից: Միաժամանակ, ազատամարտիկը խորհուրդ էր տվել զերծ մնալ «սկանդալներից» և Ռուբեն Հայրապետյանի անունը «սենսացիայի» համար չշահարկել:
Ինչևէ, դեպքից անցել է մոտ 2 ամիս, և Սմբատ Հակոբյանը, ինչպես ինքն է ասում, իր նկատմամբ իրականացված մահափորձի պատվիրատու և հովանավոր համարում է Ռուբեն Հայրապետյանին: Եվ երեկ նրանց միջև առերեսում է տեղի ունեցել, ինչի առնչությամբ ազատամարտիկն այսօր իր տանը մամուլի ասուլիս էր հրավիրել:
Ասուլիսին նախ ելույթ ունեցավ Սմբատ Հակոբյանի շահերի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, ով ասաց, որ նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ որևէ մանրամասն առերեսումից ասել չեն կարող: Նա միայն իր գոհունակությունը հայտնեց քննության ընթացքից՝ ասելով, որ իրավապահներն ըստ արժանվույն կատարում են իրենց գործը: Նույն կերպ տրամադրված էր նաև Սմբատ Հակոբյանը, ով, սակայն հայտնեց, որ Ռուբեն Հայրապետյանն ասել է, թե իրենց տարածած լուրերը սուտ մատնություն են:
Ապա Սմբատ Հակոբյանը հայտարարություն արեց. «Եթե կա նրանց շրջապատից որևէ մեկը, որի հետ մենք տալու-առնելու ունենք, թող բարձրաձայնեն, բայց նման բան մինչ օրս չի եղել: Հաջորդ փուլում իրենք փորձում են բերել նրան, որ կուլիսներում խոսում են, թե իբր ես հանրապետության գործող նախագահին հայհոյել եմ, բայց դա էլ չեն կարող ապացուցել, քանի որ մենք այն տեսակի մարդիկ ենք, որ մարդկանց վերաբերյալ անձնական բնույթի վիրավորանքներ չենք արել, երբ խնդիրը քաղաքական է»:
ArmLur.am-ի հարցին՝ ինքը ներկայացրե՞լ է իրավապահներին իր և Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազանգերի վերծանումը, Սմբատ Հակոբյանն ասաց, թե դա նախաքննական գաղտնիք է, ապա հավելեց. «Բնականաբար, չեմ հանձնել: Ձայնագրություն գտնելը իրավապահների գործն է, ոչ թե իմ: Բա իրավապահները չե՞ն ասի՝ դա քեզ որտեղից»:
Ավելին՝ այստեղ