ԱԺ-ում մեկնարկել է Եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի խոսքով՝ եվրաինտեգրման ցուցանիշները բխում են բյուջետային աջակցության դրամաշնորհից, որը 24 միլիոն եվրոյին չափով է՝ միայն 2016թ.-ի համար։
«Այս 24 մլն եվրոն երեք տարբեր ծրագրերի համար է, մասնավորապես՝ աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքների երկրորդ փուլի ֆինանսավորման համար։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը 21 միլիոն եվրո է: Առաջին 7 մլն տրանշը ստանալու ենք 2016 թ. երկրորդ եռամսյակում, և այն արտացոլված է բյուջեի նախագծում, իսկ մյուս մասնաբաժինը՝ 7.8 մլն եվրոյի չափով մենք ստանալու ենք 2017 թվականի երրորդ եռամսյակում»,-ասաց նա:
Նա նշեց, որ գումարներ կտրամադրվեն նաև ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար։ ՀՀ-ն կստանա 10 մլն եվրո. այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 մլն եվրո է, որից 25 մլն-ը բյուջետային աջակցություն է, իսկ 4՝ մլն-ը տեխնիկական։
Երրորդ ծրագիրը գյուղատնտեսական ոլորտին է վերաբերում, որի համար կտրամադրվի ընդհանուր 25 մլն եվրո, որից միայն 7 մլն.-ը կտրամադրվի 2016 թվականի 2-րդ եռամսյակում:
«25 մլն-ից 20 մլն-ը բյուջետային աջակցություն է, իսկ մնացածը՝ տեխնիկական: Առաջին հաստատական մասնաբաժինը՝ 6 մլն եվրոն, ակնկալվում է ստանալ մինչև այս տարվա վերջ, երկրորդը՝ փոփոխական մասնաբաժինը՝ 1 մլն եվրոն նախատեսվում է 2016 թվականի 2-րդ եռամսյակում ստանալ, իսկ հաջորդ մասը՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակում»,-ասաց նա:
Փոխնախարարը նկատեց, որ բացի նշված դրամաշնորհները ՀՀ կստանա նաև 13 մլն եվրոյի չափով նպատակային դրամաշնորհ, որը կօգտագործվի Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման, ՀՀ տարածքային զարգացման, Երևանի ջրամատակարարման համակարգի բարեկարգման համար, և այլն: