Կարևոր իրադարձություններ

Lուսինե Թովմասյան. «Ավելի լավ է թանկ ու որակյալ մի զգեստ գնես, քան այդ գնին համարժեք մի քանի բան»

06 Նոյեմբեր, 2015 01:25
Lուսինե Թովմասյան. «Ավելի լավ է թանկ ու որակյալ մի զգեստ գնես, քան այդ գնին համարժեք մի քանի բան»

BlogNews-ը շարունակում է ներկայացնել ոճային հարցազրույցներ նորաձև հայտնիների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցը մոդել Լուսինե Թովմասյանն է։ Վերջինս մեզ պատմել է, թե ում խորհուրդներն է ընդունում, որտեղից է ձեռք բերում իր հագուստները, ինչն է կարևորում հագուստ ընտրելիս և այլնի մասին։

-Լուսինե, թրենդները ֆորմալ առումով շատ արագ են փոխվում, ինչը նաև բիզնես նպատակ ունի։ Որպես Fashion ինդուստրիայի մարդ՝ Ձեր հագուստն ընտրելիս հաշվի առնո՞ւմ եք՝ ինչն է տվյալ սեզոնին թրենդային, ինչը՝ ոչ, եթե ինչ-որ բան այս սեզոնին հակաթրենդային համարվի, բայց Ձեզ դուր գա, կհագնե՞ք։

- Հավատացեք, ես դրան ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում։ Դա մի քիչ լայն հասկացողություն է. այսօր յուրաքանչյուր բան էլ կարելի է դարձնել թրենդային։ Իհարկե, կան բաներ, որոնք հակաթրենդային են, բայց դիզայներները դրանք չեն էլ օգտագործում։ Ես ունեմ իմ ճաշակը, փորձում եմ ամեն մեկից էլ օգտվել, բայց հագնվել իմ ճաշակով։

- Ոճի առումով խորհուրդներ ընդունո՞ւմ եք, թե՞ խորհրդի կարիք չեք զգում։

- Ես, իհարկե, կարողանում եմ  ընտրել հագուստս, բայց երբեմն նույնիսկ ես կարող եմ խորհուրդ հարցնել, օրինակ, իմ ընկեր Վահան Խաչատրյանից։ Իհարկե, դա ընկերական խորհուրդ է, ես դրան այնքան լուրջ չեմ վերաբերվում, որ անպայման խորհուրդ հարցնեմ։ Երբեմն էլ  լինում են օրեր, երբ չեմ կողմնորոշվում՝ ինչ հագնել, և եթե մայրս կողքիս կանգնած լինի, իրեն կհարցնեմ։

-Միջոցառումների գնալիս դիմո՞ւմ եք ոճաբանների, թե՞ այդ դեպքերում էլ եք ինքնուրույն կողմնորոշվում՝ ինչ հագնել։

-Հիմնականում ես եմ ընտրում, սակայն շատ մեծ միջոցառումների դեպքերում իմ բոլոր զգեստների հեղինակը Վահանն է։

- Ընդհանրապես հե՞շտ եք լեզու գտնում ոճաբանների հետ՝ հաշվի առնելով, որ երբ տարիներ շարունակ այդ ոլորտում եք, ունեք Ձեր ձևավորված ճաշակը, կարծիքը, շատ ավելի դժվար է ինչ-որ բան տալ Ձեզ և ասել՝ սա հագիր։ Գուցե հենց այդ պատճառո՞վ է Ձեր կողքին մնացել միայն Վահանը։

-Վահանն է մնացել, որովհետև նա շատ լավ է ճանաչում ինձ։ Նա իմ մտերիմ ընկերներից է և գիտի իմ բնավորությունը, կամակորությունները։ Երբ ինչ-որ բան պետք է ստեղծի ինձ համար, ես մոտավոր ասում եմ իմ պատկերացրածն ու նույնիսկ տեղյակ չեմ լինում՝ ինչ նա կստանա արդյունքում։ Վերջին օրը վերցնում եմ պատրաստի զգեստն ու մեծ հաճույքով հագնում։

-Մի զգեստը մի քանի անգամ հագնո՞ւմ եք։

-Դե իհարկե, հեռուստատեսային միջոցառումներին հագուստս երբևէ չի կրկնվում։ Առհասարակ էլ փորձում եմ չկրկվել, բայց երբեմն լինում է, որ հասկանում ես՝ 3 տարի առաջ գնածդ զգեստը 1 անգամ ես հագել և, ինչու չէ, կարող ես մեկ անգամ էլ հագնել։

-1-2 անգամ հագնելու հետո հե՞շտ եք հրաժարվում Ձեր զգեստներից։ Հետո դրանք նվիրո՞ւմ եք, թե մնում են Ձեր զգեստապահարանում։

-Զգեստներս կարված են լինում հենց ինձ համար և հետո մնում են ինձ մոտ, քանի որ իմ կառուցվածքը մի քիչ տարբեր է. եթե զգեստը մեկի համար է կարվում, դժվար է, որ մյուսը հագնի դա։

-Ձեր գնումները հիմնականում Հայաստանի՞ց եք անում, թե՞ արտերկրից։

-Ե՛վ Հայաստանից, և՛ արտերկրից։

-Հագուստի գինը կարևո՞ր է Ձեզ համար։ Կա՞ որոշակի սանդղակ, որից էժան հագուստ ձեռք չեք բերի։

-Երբ մեծանում ես, հասկանում ես, որ որակն ամենակարևորն է։ Բացի այն, որ դա երկար կծառայի քեզ, նաև քեզ լավ, հարմարավետ ես զգում դրա մեջ։ Ավելի լավ է թանկ ու որակյալ մի զգեստ գնես, քան այդ գնին համարժեք մի քանի բան և վերջում հաճույք չստանաս, շպրտես մի կողմ։

-Բայց Դուք չեք կարող գնել մեկը, քանի որ մեկ-երկու անգամից ավելի չեք հագնում նույն հագուստը։) Այդքան վաստակո՞ւմ եք, խնդիրներ չե՞ն առաջանում։

-Միգուցե և դրանից է, որ բեմական զգեստներս գնում եմ ոչ թե շատ հայտնի դիզայներներից, այլ  կարում եմ այստեղ. դա ավելի մատչելի է ստացվում։ Փորձում եմ բեմական զգեստն ավելի մատչելի ձեռք բերել։ Իհարկե, ես չեմ խոսում Վահանի մասին, որովհետև դա լրիվ ուրիշ պատմություն է։

-Բրենդներից օգտվելը կարևորո՞ւմ եք։

-Բրենդ ասելով չգիտեմ՝ ինչ նկատի ունեք, բայց լինում է նաև, երբ ես գնում եմ Դալմա, մտնում «Զառա» և այնտեղից զգեստ գնում ինձ համար։ Լինում է նաև այնպես, որ ավելի բարձր բրենդային խանութներից եմ օգտվում։

-Ունե՞ք սիրելի բրենդներ։

-Իհարկե ունեմ, բայց չեմ առանձնացնի, որովհետև այնպես չէ, որ ինչ-որ բրենդի բոլոր զգեստներն ինձ դուր են գալիս։ Պետք է շատ հավանեմ ինչ-որ իր, որ ձեռք կբերեմ, իսկ դա լինում է շատ տարբեր տեղերում։

-Բծախնդի՞ր գնորդ եք։

-Շատ բծախնդիր չեմ, բայց ամեն ինչ չէ, որ ինձ դուր է գալիս։ Երբ տարիքով մեծանում ես, հասկանում ես, որ պետք չէ գնել տասը բան և հագնել մեկը։ Պետք է գնել հենց այն մեկ-երկուսը, որը կհագնես։

Աղբյուր ` BlogNews.am

Լրահոս

Դիտել ավելին