Կարևոր իրադարձություններ

Լևոն Հայրապետյանի դեմ գործը հասել է դատարան

06 Նոյեմբեր, 2015 17:24
Լևոն Հայրապետյանի դեմ գործը հասել է դատարան

Հայ գործարար Լևոն Հայրապետյանի դեմ նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլարի հափշտակման վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել: Այս մասին ուրբաթ հաղորդվում է ՌԴ Գլխավոր դատախազության կայքում:

«Հայրապետյանի դեմ քրեական գործն ուղարկվել է Մոսկվա քաղաքի Զամոսկվորեցկի շրջանային դատարան՝ ըստ էության քննության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

700 հազար դոլարի հափշտակման գործով Հայրապետյանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Հայրապետյանը մեղադրվում է Բաշկիրիայից նախկին սենատոր, ցմահ ազատազրկման դատապարտված Իգոր Իզմեստևի մորից 2010թ. մոտ 700 հազար դոլարի հափշտակման համար: Հետաքննության տվյալներով՝ այդ գումարը Թամարա Իզմեստևան տվել է Հայրապետյանին կաշառքի համար՝ որդու պատժի մեղմացման նպատակով: Ավելի վաղ դատախազությունը հրաժարվել էր հաստատել մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել էր լրացուցիչ փորձաքննության:

Քննչական կոմիտեի տեղեկությամբ՝ 700 հազար դոլարը պետք է ծախսվեր ԶԼՄ-ներում փիար-արշավի վրա՝ Իզմեստևի գործով դատավճռի վրա ազդելու նպատակով:

Լրահոս

Դիտել ավելին