Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է դադարեցնել Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը` մինչ А321-ի վթարի պատճառների վեր հանումը:
Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Երկրի ղեկավարը համաձայնել է այդ առաջարկներին: Պուտինը հանձնարարել է կառավարությանը` մշակել ԱՀԿ-ի առաջարկների իրականացման մեխանիզմներ և ապահովել ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք»,- ասել է Պեսկովը:
Ըստ «Ռիա-նովոստի»-ի` Պուտինը հանձնարարել է նաև կարգավորել փոխգործակցությունը եգիպտական կողմի հետ` օդային հաղորդակցության անվտանգության պահպանման նպատակով:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրենը նիստի ընթացքում հայտարարել է, որ նպատակահարմար է գտնում դադարեցնել ռուսական ավիացիայի թռիչքները Եգիպտոս` մինչ Airbus A321-ի ողբերգական վթարի պատճառների վեր հանումը: Ավելի վաղ դեպի Շառմ Էլ-Շեյխ չվերթերի իրականացումից հրաժարավել են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: