Տարածաշրջանային այցի շրջանակներումնոյեմբերի 6-ին Երևանում գտնվող Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների ԱԳՆ քաղաքական տնօրեններ Իվան Եստրաբը (Չեխիա), Լևենտ Բենկյոյը (Հունգարիա), Պետեր Միշիկը (Սլովակիա) և քաղաքական տնօրենի տեղակալ Աննա Վարմինսկան (Լեհաստան) գլխավորած պատվիրակություններն այցելեցին ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունել են ԱԳ նախարարի տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Կարեն Նազարյանը:
Ողջունելով Վիշեգրադյան պատվիրակությանը Հայաստանում՝ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը քաղաքական տնօրեններին ներկայացրել է ՀՀ սահմանակից երկրների հետ հարաբերությունների և փոխշփումների առկա իրավիճակը, ինչպես նաև Մերձավոր Արևլքում, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի և հայ համայնքի վրա: Նախարարի տեղակալը ներկայացրել է Եվրասիական Տնտեսական Միությանը ՀՀ անդամակցությունից բխող հնարավորությունները: Վիշեգրադյան պատվիրակության խնդրանքով Շավարշ Քոչարյանը ներկայացրել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հետ հանդիպմանը քննարկումները կենտրոնացան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում ԵՄ-ի հետ ծավալվող հարաբերությունների շուրջ: Այս համատեքստում Կարեն Նազարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն առավել զարգացնելու և ամրապնդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում եվրոպական երկրների հետ համապարփակ համագործակցությունը՝ կարևորելով մինչև տարվա վերջ ԵՄ-ի հետ իրավական նոր հիմքի ձևավորման շուրջ մեկնարկվելիք բանակցությունները: Զրուցակիցների խնդրանքով նախարարի տեղակալը նաև անդրադարձել է Հայաստան-Իրան հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ընդունելության համար՝ Վիշեգրադյան պատվիրակության ներրկայացուցիչները ողջունել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու և խորացնելու ԵՄ հետ իր համագործակցությունը և այս հարցում վերահաստատեցին իրենց աջակցությունը: Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: