Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առաջին դատական նիստի օրը կարող է պարզ դառնալ հաջորդ շաբաթվա ընթացքում:
Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:
«Գործը դեռևս վարույթ է ընդունվել: Գործի նախաքննությունն ավարտվել է, բոլոր ապացույցները գործում հստակ առկա են, մնացածն արդեն դատաքննության ընթացքում կվորշվի: Համենայնդեպս, այն վարկածը, որ ինքնասպանություն է տեղի ունեցել, ես բացառում եմ: Ես գտնում եմ, որ արարքը ճիշտ է որակված»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երևանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին:
«Բնականաբար, դժվարություն չի կարող չլինել, գործում մահ կա, ներկա է լինելու սպանվողի հայրը, ում համար միանշանակ ծանր է լինելու, քանի որ ամեն անգամ լսելու է այն հանգամանքների մասին, թե ինչպես է սպանվել իր որդին, ինչ է եղել: Գործում բավականին լուսանկարներ կան, որոնք ծանր են նույնիսկ կողքի մադու համար, առավելևս՝ հարազատների: Ամեն անգամ իր վիշտը, վերքերը նորից պետք է թարմացվի: Դրա համար, բնականաբար, հեշտ չի լինելու»,-ասաց տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Գործը քննվում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: