Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի թիվ 35 դպրոց (լուսանկարներ)

07 Նոյեմբեր, 2015 12:11
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի թիվ 35 դպրոց (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Վասիլեօստրովսկի շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովայի և պատվիրակության մյուս անդամների հետ միասին այցելել է Սանկտ Պետերբուրգի թիվ 35 դպրոց: Դպրոցի տնօրեն Օկսանա Կուսոկի ուղեկցությամբ հյուրերը դիտել են դպրոցում բացված Հայրենական Մեծ պատերազմի տարիներին այդ դպրոցում ուսանած և բլոկադայի ժամանակ զոհված Տանյա Սավիչևայի անվան ցուցադրությունը, որը, հենվելով բլոկադայի փոքրիկ մասնակցի օրագրի գրառումների վրա, պատմում է Մեծ Հայրենականի տարիներին շրջափակված Լենինգրադի հերոսական պաշտպանության մասին: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում: Գնահատելով կատարված աշխատանքը՝ քաղաքապետը կարևորել է հատկապես դպրոցներում նման ցուցադրությունների կազմակերպումը` մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության համատեքստում: 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել նաև դպրոցի և Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող հայորդաց տան սաների ուժերով այցի առթիվ կազմակերպված համերգին, որի ընթացքում հնչել են հայերեն և ռուսերեն կատարումներ: Հատկանշական է, որ ռուս երեխաները հայերեն արտասանել են Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, իսկ հայ երեխաների կողմից ներկայացվել են նաև ռուսերեն կատարումներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարականության հետ կապերի վարչություն

Լրահոս

Դիտել ավելին