Կարևոր իրադարձություններ

Ինչու է ժամանում Լավրովը

07 Նոյեմբեր, 2015 15:00
Ինչու է ժամանում Լավրովը

Նոյեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Այցի ընթացքում կայանալու են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով Լավրովը Հայաստան է  գալիս տրամադրություններ շոշափելու համար:

«Ռուսաստանին այժմ մտահոգող խնդիրներից մեկը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացումն է: Պատահական  չէ, որ Ռուսաստանը մի կողմ է քաշվել և թույլ է տալիս, որ  Ադրբեջանը տեղը տեղին այլանդակ պահի իրեն»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով, այստեղ միայն Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու խնդիրը չէ,որի առաջարկն արվել է, այլ ընդհանուր առմամբ թույլ չտալը, որ Հայաստանը որևէ կերպ վերականգնի իր հարաբերությունները Եվրամիության հետ:

«Ռուսաստանը, եթե անգամ ուղղակիորեն չդնի խնդիրը, այնուամենայնի, անուղղակի ձևերով փորձելու հասկացնել, որ ինքը այդքան էլ կողմնակից չէ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների վերսկսմանը»,-ասաց Սաֆարյանը:

Նրա կարծիքով, Հայաստանը պետք է առիթն օգտագործի և դնի մի քանի խնդիրներ. «Նախ, առաջինը՝ միջազգային կառույցներում Հայաստանի և Ռուսաստանի պատգամավորների համագործակցության խնդիրը. Ինչո՞ւ Հայաստանի դիրքորոշումները զորակցության չեն արժանանում այնպես, ինչպես օրինակ Հայաստանը դեմ գնաց իր շահերին և Ուկրաինայի հարցով քվեարկեց Ռուսաստանի դիրքորոշման օգտին: Ինչպես հասկանալ Ռուսաստանի այս պահվածքը, որ ինքն ավելի շատ մեր հակառակորդի հետ է համաձայնեցնում իր դիրքորոշումները, քան մեզ հետ»:

Ստյոպա Սաֆարյանի խոսով, Հայաստանը հանդիպման ընթացքում պետք է ի վերջո դնի Ադրբեջանին սպառազինություններ վաճառելու հարցը:

«Իհարկե, Հայաստանը պաշտոնական մի քանի մակարդակով մտահոգություն հայտնել է, բայց դա եղել է ավելի շատ դիրքորոշման ձևակերպում: Կարծում եմ, դա պետք է լինի քննարկման հարց, ոչ թե պարզապես դիրքորոշման հնչեցման»,-ասաց Սաֆարյանը:

Ըստ նրա, հիմա Հայաստանը ունի  դժգոհություններ, բայց վախենում է դրանք բարձրաձայնել, սակայն, պետք է մի կողմ թողնի զգուշավորությունը և համարձակ դնի այդ խնդիրները, որովհետև հարցը իր, Արցախի անվտանգությանն է վերաբերում և Ռուսաստանը պետք է տեղյակ լինի մեր վերաբերմունքից:

Դրանք, ըստ Սաֆարյանի, պետք է հնչեցվեն հենց հանդիպման ընթացքում, ոչ թե հարցազրուցյներով կամ հայտարարություններով:

Լրահոս

Դիտել ավելին