Եգիպտոսի զբոսաշրջության նախարարին կից խորհրդատվական խորհրդի անդամ Մուհամմեդ Յուսեֆը հայտարարել է, որ Եգիպտոսում զբոսաշրջային հոսքի 70% նվազում է գրանցվել: Այս մասին հայտնում է «Ալ-Ահրամ» թերթը: «Ռուս զբոսաշրջիկներն առաջին տեղում են՝ տարեկան 3 մլն մարդ: Բրիտանիայից ժամանում է 1 մլն զբոսաշրջիկ: Նրանց հեռանալը շուկայից ուժեղ հարված է ոլորտին: Կորուստը կկազմի զբոսաշրջային հոսքի 70%-ը»,- ասել է Յուսեֆը: Մինչ Սինայում տեղի ունեցած ռուսական ինքնաթիռի ավիավթարը, Եգիպտոսը հաշվարկել էր մինչև այս տարեվերջ ընդունել մոտ 10 մլն օտարերկրացի զբոսաշրջիկի: Օգոստոսի 6-ի դրությամբ այդ թիվը կազմել է 6,6 մլն մարդ, ինչը 5%-ով ավելի էր անցած տարվա ցուցանիշից: