Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է Կոտարի համախտանիշը. մարդը կարծում է, որ ինքը մահացած է

08 Նոյեմբեր, 2015 13:16
Ի՞նչ է Կոտարի համախտանիշը. մարդը կարծում է, որ ինքը մահացած է

«Քայլող դիակի համախտանիշը» 1880-ական թթ. հայտնաբերել է ֆրանսիացի նևրոլոգ Ժյուլ Կոտարը: Դրանով տառապող հիվանդները մահացած են համարում իրենց կամ իրենց մարմնի մասերը, կամ հերքում են սեփական գոյությունը: Այս մասին գրում է Independent-ը:

Հոգեկան առողջության ոլորտում մասնագիտացող Mind բարեգործական կազմակերպությունում կարծում են, որ այդ վիճակը փոխկապակցված է փսիխոզի, կլինիկական ընկճախտի կամ շիզոֆրենիայի հետ: Mind-ի մամլո քարտուղարը հավելել է, որ Կոտարի համախտանիշն «իրապես հազվագյուտ է»:

«Կոտարի համախտանիշը զառանցանքի տարատեսակ է, որը սովորաբար կապված է սեփական գոյության հերքման հետ: Հիվանդները կարծում են, որ իրենց պետք չէ անել կենսագործունեությունը պահելու համար անհրաժեշտ գործողություններ՝ խմել, ուտել, հետևել հիգիենային»,- ասել է Mind-ի ներկայացուցիչը:

Պրոֆեսոր և կլինիկական հոգեբան Փիթեր Քայնդերմանը The Independent-ին ասել է. «Այդ համախտանիշն այնքան հազվագյուտ է, որ դրա մասին շատ քիչ է հայտնի: Գրականության մեծ մասը նվիրված է մեկ կոնկրետ դեպքի բազմամյա ուսումնասիրությանը»:

Նրա խոսքով՝ հիվանդության պատճառների մասին վարկածներից մեկն այսպիսին է՝ «շփոթմունք կամ ճնշվածություն առաջացնող վիճակների առկայությամբ» մարդը կարող է իր մտքերն ու դատողությունները, այդ թվում՝ անհանգստացնող և տարօրինակ, համադրել այն զգացողության հետ, որ ինքն իրեն չի ճանաչում: «Ոմանք եզրակացնում են, որ իրենք մահացած են»,- նշում է պրոֆեսորը:

Լրահոս

Դիտել ավելին