Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն հայտարարում է Սիրիայում ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինների դեմ ավիահարվածներն առավել ինտենսիվ դարձնելու մասին, կոալիցիայի մեջ մտնող արաբական երկրները կրճատում են արշավին իրենց մասնակցությունը: Այս մասին գրում է The New York Times-ը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն իրենց ինքնաթիռների մեծ մասը գործածում են Եմենում հութիների դեմ պայքարում, որոնց աջակցում է Իրանը: Հորդանանը ևս որոշել է իր ինքնաթիռները Եմեն ուղարկել:
Հաղորդագրությունում ասվում է, որ Բահրեյնի ինքնաթիռները Սիրիայում գրոհայինների դիրքերին վերջին անգամ հարվածել են փետրվարին: ԱՄԷ-ն վերջին անգամ Սիրիայում ավիահարվածներ է հասցրել մարտին, Հորդանանը` օգոստոսին, Սաուդյան Արաբիան` սեպտեմբերին:
Հոկտեմբերի վերջին Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում և Իրաքում խստացնում է ԴԱԻՇ-ի գրոհայիններին դեմ պայքարի պարբերականությունը: