«Ստացվում են հետախուզական տվյալներ, ըստ որոնց «Իսլամական պետությունը» մտադիր է մուտք գործել Բալկաններ եւ ապակայունացնել այնտեղ իրավիճակը»,- գրում է The Washington Times-ի լրագրող Ջոն Սոլոմոնը:
«Այդ տարածաշրջանում դիվանագիտական գերատեսչության բարձրաստիճան անանուն պաշտոնյան հայտնել է թերթին, որ Խորվաթիայի հետախուզությունը բացահայտել է ԻՊ-ի հնարավոր առաջնորդին, ով փորձում է հաստատվել Կոսովոյում ու Բոսնիա եւ Հերցեգովինայում`իր շուրջը հավաքելով տասնյակ իսլամիստ զինյալների, ովքեր վերադարձել են իրենց հայրենի Բալկաններ ԻՊ-ի շարքերում կամ Սիրիայում եւ Իրաքում «Ան-Նուսրա ճակատում» մարտնչելուց հետո»:
«Մենք հայտնաբերել ենք տարածաշրջանում ԻՊ-ի հնարավոր առաջնորդին եւ հետեւում ենք ջիհադիստ զինյալներին, ովքեր վերադառնում են Բալկաններ: Կան մտահոգության բազմաթիվ պատճառներ»,- ասել է պաշտոնյան:
Փախստականների ճգնաժամը խորացնում է մտավախությունները: Հատուկ ուժերը Բալկաններում մտահոգված են, որ սիրիացի փախստականների անվան տակ տարածաշրջան կարող է մուտք գործել ԻՊ-ի գաղտնի գործակալների ջոկատ: Պաշտոնյան հիշեցրել է տեսանյութի մասին, որտեղ ջիհադիստները հպարտությամբ պնդում են, որ Սիրիայում կան բազմաթիվ զինյալներ, ովքեր ծնունդով Բալկաններից են, եւ Բալկաններում ջիհադով է սպառնացել:
«Սպառնալիքն իրական է, իսկ այդ տարածաշրջանը «վառոդի պոտենցիալ տակառ է»,- ասել է պաշտոնյան:
ԿՀՎ-ի գնահատմամբ՝ 2012 թվականից Բոսնիա եւ Հերցեգովինայից, Սերբիայից, Ալբանիայից եւ Կոսովոյից Սիրիա է մեկնել մի քանի հարյուր մարդ, ովքեր դարձել են ԻՊ-ի զինյալներ, իսկ նրանցից շատերը հետագայում վերադարձել են հայրենիք: Բալկանները պարարտ հող հանդիսացան ԻՊ-ի համար, եւ երբ այդ փորձառու զինյալները վերադառնում են, մեծանում է Եվրոպայի երկրներում ահաբեկչական հարձակումների վտանգը:
«Այդ խմբերը շփումներ ունեն Բոսնիայում կամ Սերբիայում մեկուսացված արմատական համայնքների կամ ծայրահեղականների ցանցի հետ, որոնք գոյություն ունեն Ալբանիայում»,- ասվում է ԱՄՆ Կոնգրեսի զեկույցում:
«Բալկաններում անվտանգության միջոցառումները խստացվել են, ինչը հանգեցրեց ձերբակալությունների եւ ահաբեկչությունների կանխարգելման: Փետրվարին Բոսնիայում ձերբակալեցին շվեդի եւ չորս բոսնիացու, ովքեր մեղադրվում էին Սկանդինավիայում ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ: Իսկ հուլիսին Կոսովոյի իշխանությունները ձերբակալել էին մի քանի անձանց, ովքեր կասկածվում էին ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ: Ըստ տեղեկությունների՝ այդ անձինք մտադիր էին Պրիշտինայում թունավորել ջուրը»,- գրում է թերթը:
Աղբյուր` The Washington Times