Կարևոր իրադարձություններ

Երբ իշխանությունն է անպատասխանատու՝ ներկան են վատացնում, երբ ընդդիմադիրները՝ նրանք մեր ապագան են ջնջում. Հ. Մեսրոբյան

08 Նոյեմբեր, 2015 19:48
Երբ իշխանությունն է անպատասխանատու՝ ներկան են վատացնում, երբ ընդդիմադիրները՝ նրանք մեր ապագան են ջնջում. Հ. Մեսրոբյան

 

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների շուրջ ժողովրդի ակտիվության մակարդակի մասին, ասաց, թե ժողովրդին մեծ մասամբ հետաքրքիր չէ այդ գործընթացը՝ միաժամանակ ընդգծելով, որ դրանում իր բաժին մեղքն ունի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը: Նա ընդդիմությանն առանձնակի է շեշտում, ասելով, որ ժողովրդի ապագայի վստահության սուբյեկտն ընդդիմադիրների որակն է:


-Պարո՛ն Մեսրոբյան, ըստ Ձեզ, հանրությունը որքանով է հետաքրքրված սահմանադրական փոփոխություններով:


-Վերջին մի քանի տարիներին տարբեր հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելիս կամ ելույթների մեջ սկսել են շատ ընդգծել «հանրություն», «ՀՀ քաղաքացի» բառերը: Հանրություն բառն արհեստածին է և կառավարման մեջ մոտեցում կա, երբ դու տերմիններով կտրում ես մարդուն իր հողից: Հանրությունը անդեմ մի երևույթ է, որը մարդիկ չեն հասկանում: Երբ ասում ենք ժողովուրդ, ներքուստ սկսում ենք խոսել հավաքականի տեսանկյունից: Սա վտանգավոր է:


- Շատ լավ, այդ դեպքում ժողովրդին որքանով է հետաքրքրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:


- Մեծ մասամբ հետաքրքիր չի: Ամենայն պատասխանատվությամբ եմ դա ասում: Ժողովուրդը պասիվանում է և դրա համար մի քանի պատճառներ կան: Մեկն այն է, որ մենք՝ ժողովրդի ակտիվ մասը շատ ենք իրար հիասթափեցրել. ճռճռան, ամպագոռգոռ կոչերով ակտիվացրել ենք ժողովրդին, հետո տարել ենք պարտության, որից հետո նույնիսկ ամենաթթու ներողություն չենք խնդրել: Երբ տեսնում եմ, որ իշխանությունները շատ հարցերում անպատասխանատու են, ես ջղայնանում եմ, բայց հասկանում եմ, որ նրանք մեր ներկան են վատացնում: Իսկ երբ տեսնում եմ, որ ընդդիմադիրներն են անպատասխանատու, հասկանում եմ, որ իրենք մեր ապագան են ջնջում, որովհետև անպատասխանատվությունն ընդդիմության միջոցով անց ենք կացնում դեպի ապագա: Ժողովուրդը, երբ տեսնում է հերթական տապալում, որովհետև դրանից հետո կույսերի նման են իրենց պահում, և նոր ցասման ալիք են ուզում բարձրացնել, ուրեմն պետք է հասկանալ, որ ժողովրդին պետք չէ թերագնահատել: Դրա համար էլ ժողովուրդն անտարբեր է սահմանադրական այդ անցուդարձից:


-Հաջորդ պատճառը ո՞րն է:


-Հայի հետ հայի լեզվով չենք խոսում, վերը նշված օրինակը հենց դրա մասին է: Մեր լեզուն արդեն չի համապատասխանում իրականությանը: Մենք միտք ենք ուզում հասցնել ժողովրդի գիտակցությանը, և միտումնավոր խոսում ենք մի լեզվով, որ մարդիկ չհասկանան, և դա շատ հաճախ արվում է գրանտակերների միջոցով: Մարդիկ մեզ չեն հասկանում նույնիսկ տերմինների մակարդակով: էլի պատճառ կա. ցանկացած փոփոխություն պահանջողը պետք է պարզ լեզվով և հստակ ունենա ընկալելի ծրագրի դեմո տարբերակը: Ընդդիմադիրներից ոչ մեկը չի հասկանում մի պարզ բան. երբ դու կարող ես մարդու վստահությունը վայելել երբ դու ասում ես, որ մենք, այսինքն՝ նորերը այս հարցում, այս ժամանակահատվածում միջանկյալ արդյունքներ ենք ունենալու և այլն, և գրված լինի, թե ով է գլխով պատասխանատու լինելու, եթե չհասնի արդյունքների: Մենք ժողովրդին հիմարի տեղ ենք դնում, ժողովուրդն արտագաղթում է ոչ այնքան վատ իշխանության պատճառով, այլ հիմնական պատճառն այն է, որ ինքը չի վստահում իր ապագային: Իսկ ապագայի վստահության սուբյեկտն ընդդիմադիրների որակն է: Եթե ընդդիմադիրն իր նշած բաները չի անում, ուրեմն ժողովուրդը խաչ է քաշում ապագայի համար, իսկ մեր ազգի մոտ շատ է տարածված երեխաների, թոռների համար մտահոգ լինելը: Որքան շատ արտագաղթի համար պատասխանատու են իշխանությունները, կրկնակի պատասխանատուն ընդդիմադիրներն են: Բազում հարցեր կան, որտեղ Սահմանադրության փոփոխության հարցն արդեն այդ անձերից սկսած, վերջացրած բովանդակային մասով ժողովրդի առջև արդեն վարկաբեկված է: Սկսած նրանից, թե ով է դեմ Սահմանադրություն փոփոխություններին և ինչ էր ասում մի երկու տարի առաջ, վերջացրած իմ թվարկած պատճառներով:


-Սահմանադրական փոփոխություններին «այո» և «ոչ» ասողներն էլ իրենց ներսում են ճամբարների բաժանվել: Սա արդյո՞ք ժողովրդի մոտ հիասթափություն կամ չկողմնորոշվածություն չի առաջացնում:


- Միանշանակ: Բոլոր շերտերի հետ էլ շատ եմ շփվում. ժողովուրդը կարոտ է միասնության: Եվ երբ ինքը տեսնում է, որ մի հարցի շուրջ խմբեր են առաջանում, ինքը տեսնում է, որ միասնություն չկա:

Լրահոս

Դիտել ավելին