Կարևոր իրադարձություններ

26-ամյա կինն իր «ներքին ձայնի դրդմամբ» հաղորդում է տվել, թե Զեյթունում՝ «Երևան սիթիի» կողքի վարձով տանը, Արմենը բռնաբարել է իրեն

08 Նոյեմբեր, 2015 20:06
26-ամյա կինն իր «ներքին ձայնի դրդմամբ» հաղորդում է տվել, թե Զեյթունում՝ «Երևան սիթիի» կողքի վարձով տանը, Արմենը բռնաբարել է իրեն

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Նունե Ե.-ի (անունը փոխված է) գործի քննությունը:

Դատարանը քննել է քրեական օրենքով արգելված արարք՝ սուտ մատնություն կատարած 26-ամյա Նունեի նկատմամբ բժշկական հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:

Ըստ նախնական առաջադրված մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 23-ին Նունեն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թվականի հունիս ամսին իր ծանոթ Արմենը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ վարձակալած տանը բռնաբարել է իրեն:

Այս հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ բռնաբարության հատկանիշներով, կատարվել է նախաքննություն, որի ընթացքում Նունեն փոխել է դիրքորոշումը և հայտնել է, թե Արմենն իրեն չի բռնաբարել իրականում, ինքը նրա հետ սեռական հարաբերություններ է ունեցել իր կամքով՝ առանց հարկադրանքի ու բռնության:

Նունե Ե.-ի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ Նունեի կուսաթաղանթի անատոմիական ամբողջականությունը խախտված է, խախտումը հին է, հնարավոր չէ որոշել վաղեմությունը՝ փորձաքննությանը ուշ ներկայանալու պատճառով:

Կարինեի ցուցմունքից հետո նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել սուտ մատնության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Նունե Ե.-ի նկատմամբ նշանակվել է նաև դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ Նունեն տառապում է «Օրգանական թուլամտություն՝ փսիխոտիկ ներառումներով» ախտորոշմամբ տկարամտությամբ:

Ըստ եզրակացության՝ Նունեի տկարամտությունն արտահայտված է այն աստիճանի, որ նա ինչպես իրեն մեղսագրված արարքի կատարման ժամանակահատվածում, այնպես էլ գործի քննության ընթացքում զրկված է եղել իր գործողությունների համար հաշիվ տալու, դրանք ղեկավարելու հնարավորությունից:

Նունե Ե.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Նունեն ցուցմունք է տվել, որ 3-րդ խմբի հաշմանդամ է, հաշվառված է Աբովյանի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում:

2014 թվականի հունիսին Երևանում՝ Օպերայի մերձակայքում, ինքը պատահական ծանոթացել է ոմն Արմենի հետ: Արմենն ապրել է Զեյթունի «Երևան սիթիի» հարևանությամբ վարձած տանը:

Ծանոթությունից հետո ինքը հինգ-վեց անգամ հանդիպել է Արմենի հետ, նրա տանը իրենք սեռական հարաբերություններ են ունեցել: Արմենը խոստացել է, որ իրենք կամուսնանան, բայց խոստումը չի կատարել, իր հետ չի ամուսնացել: Նա անհետացել է, նրա մասին ինքը տեղեկություն չի ունեցել: Քանի որ նա իրեն խաբել, իր հետ չի ամուսնացել, ինքը որոշել է վատություն  անել նրան: Դրա համար էլ օգոստոս ամսին ոստիկանությունում հաղորդում է տվել՝ իբր Արմենը բռնաբարել է իրեն:

Նունեի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, հայտնել է, որ Նունեն յոթ տարեկանում գլխի վիրահատության է ենթարկվել, նրա մոտ նորագոյացություն է եղել: 1996 թվականին նա ստացել է հաշմանդամության կարգ:

Վերջին 2 տարիների ընթացքում Նունեի մոտ տարօրինակություններ են նկատվել, նա բուժվել է:

2014 թվականի հունիսին իրենց տուն է եկել ինչ-որ Արմեն, ասել է, թե Նունեի ընկերն է: Այդ Արմենը խմած էր, ինքը նրան տնից դուրս է արել:

Մինչև Նունեի կողմից ոստիկանությունում բռնաբարության վերաբերյալ հաղորդում տալը, դրանից մի քանի ամիս առաջ ինքը հերթական անգամ նրան բժշկական զննության է տարել , ու բժիշկն ասել է, թե Նունեն կույս չէ: Ինքը դրա վերաբերյալ կասկածներ է ունեցել, որովհետև Նունեն շփվել է տարբեր անծանոթ տղաների հետ:

Արմենի հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին Նունեն իրեն հայտնել է, ասել է, թե ինքը դա արել է իր կամքով և մի քանի անգամ:

Նունեն իրեն ասել է նաև, որ ոստիկանությունում Արմենին մեղադրող հաղորդում է տվել, քանի որ Արմենը խոստացել էր ամուսնանալ իր հետ ու խաբել է իրեն:

Նունեն, իր ասելով, ցանկացել է, որ Արմենը հայտնվի ոստիկանությունում:

Ըստ փորձագիտական եզրակացության՝ Նունեն հուզականորեն անկայուն է, բայց զառանցական մտքեր չունի: Վաղ տարիքում տարած վիրահատությունից հետո նրա մոտ առաջացել է մտավոր զարգացման կանգ, աջ կողմի վերջույթների թուլություն: Տկարամտությունը Նունեի մոտ այն աստիճանի է, որ նա զրկված է իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու հնարավորությունից:

Փորձաքննության ժամանակ Նունեն հայտնել է, թե իր «ներքին ձայնն  է իրեն դրդել»՝ ոստիկանություն գնալ և Արմենին մեղադրել բռնաբարության համար:

Դատարանը Նունե Ե.-ին ազատել է քրեական պատասխանատվությունից՝ քրեական օրենքով արգելված արարքն անմեղսունակության վիճակում կատարած լինելու հիմքով:

Նունե Ե.-ի նկատմամբ կիրառվել է բժշկական հարկադրանքի միջոց՝ նշանակվել է արտահիվանդանոցային հարկադիր բուժում՝ հոգեբույժի հսկողության ներքո:

Նունեի հսկողությունը հանձնվել է նրա մայրիկին:

Լրահոս

Դիտել ավելին