Օրեր առաջ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ահազանգել էր բնապահպանության նախարարություն՝ հայտնելով, որ քաղաքի միջով հոսող Վաչագան գետն աղտոտվել է և լվացքաջրերի պես փրփրած է:
Բնապահպանության նախարարությանը կից բնապահպանության պետական տեսչությունը գետից փորձանմուշներ է վերցրել:
«Բուսական և կենդանական աշխարհին վտանգ չի սպառնում»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ Արմեն Վարդանյանը:
Վարդանյանի խոսքով՝ բնապահպանության պետական տեսչության ներկայացրած արդյունքները հանձնվել են Սյունքի մարզային ոստիկանությանը: Իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե ո՞րն է գետի աղտոտվածության պատճառը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Shabat.am-ին տեղեկացրին, որ ո՛չ Կապանի, ո՛չ էլ Սյունիքի մարզային վարչությունից գրություն չեն ստացել:
«Հնարավոր է, որ դեռ չեն ուղարկել, այս պահի դրությամբ որևէ գրություն չենք ստացել»: