Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերից ևս մեկն այսօր տեղափոխվեց Երևան: Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ նշելով, որ իրավիճակը շարունակվում է գտնվել իրենց վերահսկողության տակ:
«Տուլայի հիվանդանոցում հիմա մնացել են 11 հիվանդ, որից մեկի վիճակը ծանր է, լավ կլինի, որ կյանքը հաջողվի փրկել»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
«Որպես պետություն պետք է օգնենք համաքաղաքացիներին, որ կարողանանք ամեն ինչով լինել իրենց կողքին, ինչպես լավ պետություն, որը մենք արեցինք: Ամեն դեպքում՝ վթարի հետ կապված պատասխանատուն պետությունը չունի»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:
Նախարարն ասաց, որ իրենք այսօր նիստ են հրավիրելու և վերջնական որոշում են կայացնելու՝ վթարից տուժածների և մահացածների ընտանիքներին դրամական փոխհատուցում տալու մասին հարցի վերաբերյալ:
«Հավանաբար, մահացածների յուրաքանչյուր ընտանիքին կտրվի 1 միլիոն դրամից ավել գումար, կոնկրետ թիվը նիստից հետո կասեմ, իսկ տուժածների ընտանիքներին՝ մինչև 1 միլիոն դրամ»,- նշեց Բեգլարյանը՝ նշելով, որ տեղափոխման, հուղարկավորության արարողության ծախսերը կառավարությունը ևս իր վրա է վերցրել: