Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հայտարարել է, որ պատրաստ է միջնորդի դեր կատարել սիրիական ճգնաժամի կարգավորման մեջ` պայմանով, որ աջակցություն կունենա ռուսական զինված ուժերի կողմից: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Տեսականորեն Սիրիայում միջնորդությունը կարող է դիտարկվել: Բայց ես չունեմ գործադիր հնարավորություններ: Ես չեմ կարող ոչնչով վախեցնել (հակամարտության կողմերին): Ինձ պետք են ռուսական զորքերը: Եթե ռուսական զորքը կանգնած լինի իմ թիկունքում, ապա ես դա կանեմ: Ես իհարկե չեմ օգտագործի բանակը, բայց յուրաքանչյուրը կիմանա, որ ես ունեմ նաև այդ գործիքը: Իսկ երբ ես ոչինչ չունեմ, ով կլսի ինձ: Ես միայն կարող եմ խոսել, ոչինչ ավելին»,-նշել է Վալենսան:
Նա հիշեցրել է նաև պաղեստա-իսրայելական հակամարտության ժամանակ իր միջնորդական առաքելության մասին` հավելելով, որ գլխավոր խնդիրը ազդեցության լծակների բացակայությունն է հակամարտող կողմերի վրա, ինչի պատճառով էլ նրանք չեն ցանկանում զենքերը վայր դնել:
Ավելի վաղ Վալենսան հայտարարել էր, որ պատրաստ է իր տանը ընդունել մի քանի փախստականներ: