Կարմիր խաչի միջազգային կոմիտեյի հայաստանյան գրասենյակը աշխատանքներ է տանում նոյեմբերի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած 73-ամյա Լուսինե Աբովյանին այցելության հնարավորություն ստանալու համար:
Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Կարող եմ հաստատել, որ երկու կողմից մենք ստացել ենք պաշտոնական տեղեկատվություն, որ այդ քաղաքացին հատել է միջազգային սահմանը: Այս հանգամանքը մեզ հիմք է տալիս միջազգային մարդասիրական իրավունքի հիման վրա շարունակել ադրբեջանական իշխանությունների հետ բանակցությունները, երկխոսությունը՝ քաղաքացուն անհապաղ այցելելու ուղղությամբ»,-ասաց Զառա Ամատունին:
Զառա Ամատունին փոխանցեց նաև, որ այցելության ժամեկտների հետ կապված որևէ ենթադրություն չի կարող լինել՝ այն նշանակվում է որքան հնարավոր է շուտ:
Նշենք, որ երեկ մեզ հետ զրույցում Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը նշել էր, որ իրենց համագյուղացուն՝ Լուսիկ Աբովյանին փնտրում են նոյեմբերի 8-ի կեսօրից:
Գյուղապետի փոխանցմամբ՝ վերջին անգամ կնոջը տեսել են նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, իսկ երեկոյան՝ 17:00-ին ամուսինը ահազանգել է, որ կինը տուն չի հասել:
Կինը գնացել է հարազատներից մեկի տուն, սակայն հետդարձի ճանապարհին տուն չի հասել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ հայտնել է, թե Հայաստանի քաղաքացի հանդիսացող տարեց մի կին հատել է Ադրբեջանի սահմանը։ haqqin.az-ի հաղորդմամբ՝ ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (ծնված 1942թ.)։ «Հայաստանի քաղաքացին նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը Ղազախի շրջանի ուղղությամբ»,- հայտնել է գործակալության աղբյուրը։