Կարևոր իրադարձություններ

Ինչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը

10 Նոյեմբեր, 2015 17:41
Ինչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը

ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովի այցից հետո դեռևս քննարկվում է, թե ի վերջո, ո՞րն էր նրա այցի նպատակը և ինչ առաքելություն ուներ նա:

ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը հակված է այն տեսակետին, որ Լավրովի այցը առավելապես արարողակարգային բնույթի է եղել:

«Այցը, թերևս, նպատակ է ունեցել, գոնե առերևույթ, նույնականացնել Հայաստանի ու Ադրբեջանի հետ ընթացիկ շփումների հաշվեկշիռը՝ ամիսներ առաջ նա Բաքու էր այցելել, որից անմիջապես հետո Մոսկվա մեկնեց Սերժ Սարգսյանը»,-ասաց Արման Մելիքյանը,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով շրջանառվող այն վարկածներին, ըստ որոնց Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, ինչի շնորհիվ էլ Ադրբեջանը կանդամակցի ԵՏՄ-ին, Արման Մելիքյանն ասաց. «ՀՀ գործող իշխանություններն արդեն բազմիցս են հայտարարել, որ կհամաձայնեն տարածքների հանձնմանը, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը: Ըստ էության, պաշտոնական Երևանն իր այդ պատրաստակամության համատեքստում արդեն իսկ կատարել է բոլոր այն հնարավոր զիջումները, որոնք իր կարծիքով, հավասարազոր չեն լինի քաղաքական ու ֆիզիկական ինքնասպանության: Այդ հանձնողականությունն, իրականում, անընդունելի է»:

ԼՂՀ նախկին արտգործնախարարի խոսքով, հակամարտության ռուսական սցենարով իրականացված կարգավորումը կարող է Կրեմլին հնարավորություն ընձեռել Ադրբեջանի տարածքում ռուսական երբեմնի բացառիկ ազդեցությունն ու ռազմական ներկայությունը վերականգնելու համար:

Լրահոս

Դիտել ավելին