Կարևոր իրադարձություններ

Սողոմոնն անվախ ու լավ մարդ էր. կայացավ նախկին հետախույզի հոգեհանգիստը

10 Նոյեմբեր, 2015 19:29
Սողոմոնն անվախ ու լավ մարդ էր. կայացավ նախկին հետախույզի հոգեհանգիստը

Երևանում այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ 20 տարվա ազատազրկումից հետո դատարանի որոշմամբ ազատ արձակված ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի հոգեհանգստի արարողությունը։ Հոգեհանգստին ներկա էին Սողոմոն Քոչարյանի մարտական ընկերները և հարազատները։

«Սողոմոնն անվախ էր, ուր ուղարկում էիր, ինչ առաջադրանք դնում էիր նրա առջև, ինքը մտնում էր թուրքերի մեջ, գործողությունը անում էր, գալիս էր զեկուցում: Հանգիստ, կարծես թե գնաց մի տեղ ման եկավ ու հետ եկավ: Շատ լավ մարդ էր, թանկագին տղա էր»,-Shabat.am-ի հետ զրույցում Սողոմոն Քոչարյանին ասպես բնորոշեց Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:

Սողոմոն Քոչարյանը մահացել է նոյեմբերի 8-ին՝ դատարանի որոշումից 15 օր անց Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էր ամիսներ առաջ:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատելու որոշում է կայացրել:

Նա մահապատժի էր դատապարտվել 1995թ.՝ Իրանի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացու սպանության համար: 2003թ. նրա պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:

Քոչարյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր, նախկին հետախույզ: Պատիժը կրելու ընթացքում մահացել է Սողոմոն Քոչարյանի կինը, իսկ աղջիկը ինքնասպան եղել։

Նշենք, որ Սողոմոն Քոչարյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 11-ին, «Եռաբլուրում»:

 

Լրահոս

Դիտել ավելին