Lragir.am-ը գրում է. Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրության փոփոխությանն ու խորհրդարանական կառավարման մոդելին, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը հայտարարել է, որ նոր մոդելն անորոշություն է մտցնում հայ-ռուսական հարաբերության մեջ: Նրա խոսքով, անորոշություն է առաջացնում քաղաքական համակարգի տրանսֆորմացիայի հեռանկարը:
Հայ-ռուսական հարաբերության մեջ անորոշության հեռանկար պարունակող մեկ գործընթաց կա, եւ այն փաստացի կապ չունի Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ: Հնարավոր է, որ այդ փոփոխությունն ինչ որ կապ ունենա այդ գործընթացի հետ: Խոսքը աշխարհքաղաքականության մասին է, որտեղ առանցքային վեկտորներից մեկը դարձել է Ռուսաստանի հանդեպ միջազգային մեկուսացման, Ռուսաստանի աշխարհքաղաքական դերի լոկալացման, ՌԴ-ն համաշխարհային տերությունից տարածաշրջանային տերություն վերածելու գործընթացը:
Հայ-ռուսական հարաբերության անորոշ հեռանկար կարող է պարունակել միայն այդ գործընթացը, նկատի ունենալով այն, որ միայն ՌԴ հնարավորությունների եւ հավակնությունների վրա դրա ազդեցությունը կարող է իր հերթին ազդել հայ-ռուսական հարաբերության ներկայիս մեղմ ասած ոչ գործընկերային, ուղղահայաց հարաբերության, կամ պարզապես վասալային բնույթի հարաբերության վրա, փոխելով դրա բնույթը եւ տալով թեկուզ փոքր ինչ միջպետական, քաղաքական որակներ, կամ այլ կերպ ասած՝ առողջացնելով հայ-ռուսական հարաբերությունը:
Դրան ունակ է միայն ՌԴ միջազգային մեկուսացման գործընթացը, եթե այն թուլացնի Ռուսաստանը, այդ երկրի պետական քաղաքականությունը կայսերական բնազդա-բարդութային բնույթից բերելով ռացիոնալության դաշտ:
Հայաստանը, Սահմանադրության փոփոխությամբ, կամ առանց դրա, ընդամենը կարող է իր վրա զգալ ՌԴ հանդեպ համաշխարհային գործընթացի արդյունքը:
Միեւնույն ժամանակ, հայ-ռուսական հարաբերության «անորոշությունը» այդուհանդերձ կարող է լինել ներհայաստանյան սահմանադրական եւ խորհրդարանական զարգացումների պահանջված կարգախոս: Օրինակ, օրերս դա փորձեց խաղարկել ՀԱԿ-ը՝ իհարկե չդիմանալով առերեսմանն ու հայտարարելով, թե կատակ է արել:
Առերեսման ավելի մեծ հնարավորություն ունի մեկ այլ խաղացող, կամ խաղի նոր հայտ ներկայացրած սուբյեկտ: Խոսքը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասին է: Առավել եւս, որ կարծես թե հենց նրա համար է Գիտությունների ակադեմիան նախընտրելի գործիք: Արա Աբրահամյանը Հայաստանում քաղաքական կուսակցություն բացելու եւ խորհրդարանի ընտրությանը մասնակցելու հավակնության մասին հայտարարեց Հայաստանի գիտությունների ակադեմիայում:
Ռուսասանի գիտությունների ակադեմիային էլ ըստ երեւույթին վերապահված է համոզելու դերը, գիտականորեն, այսպես ասած ակադեմիական ձեւով, որ Հայաստանի խորհրդարանում կան «հակառուսական» վտանգներ, եւ այդ պատճառով շատ կարեւոր է վստահելի, այսպես ասած «մենթալիտետով ռուս» ուժերի անհրաժեշտություն:
Ավելին՝ այստեղ