Հանրային հարցերով հրեական խորհրդի (JCPA) անցյալ ամիս կայացած ամենամյա համայնքային հանդիպման ժամանակ Հանրային հարցերով հրեական խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ճանաչող բանաձև է ընդունել և Կոնգրեսին ու Սպիտակ տանը կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա առաջին դեպքն է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քաղաքական դիրքորոշում է ընդունվել Հանրային հարցերով հրեական խորհրդի կողմից: «Ամերիկայի հայկական համագումարն երախտիքի խոսք է հղում Հանրային հարցերով հրեական խորհրդին՝ այս կարևոր բանաձևն ընդունելու և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պետականորեն վերահաստատումը սատարող ջանքերի համար», - նշել է Համագումարի խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը: «Ամերիկայի հայ համայնքն երախտապարտ է Հանրային հարցերով հրեական խորհրդին այս պատմական բանաձևի ընդունման համար: Հանուն ճշմարտության պայքարող ամերիկաբնակ միլիոնավոր հրեաների և հայերի միասնականությունը կարևոր քայլ է արդարության ճանապարհին ընդառաջ», - ասել է Բարսամյանը: Ի թիվս իր եզրահանգումների, Հանրային հարցերով հրեական խորհրդի բանաձևում հայտարարվում է. «Չպետք է թույլ տանք, որ պատեհապաշտ քաղաքականությունը կամ Թուրքիայի հետ ԱՄՆ կառավարության հարաբերությունները սասանեն մեր բարոյական պարտավորությունը ճանաչել հայ ժողովրդի տառապանքները»: Բանաձևը նաև կոչ է անում «Կոնգրեսին և նախագահին պաշտոնապես ճանաչել այն, ինչ սկսվել էր 1915 թվականին օսմանյան թուրքերի ձեռքերով և հանգեցրել մոտ 1.5 միլիոն հայերի սպանության և բռնագաղթի, որպես Հայոց ցեղասպանություն»: Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհուրդը (JCRC), որը գործում է Հանրային հարցերով հրեական խորհրդի (JCPA) ղեկավարությամբ, ներկայացրել և ընդունել է այս բանաձևը Հանրային հարցերով հրեական խորհրդի ամենամյա համայնքային հանդիպման ժամանակ: Ազգային բանաձևի գաղափարն առաջ է քաշվել Բոստոնում, Փալմ Բիչում և Փրովիդենսում գործող Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհրդի մասնաճյուղերի կողմից և Ատլանտայի ու այլ մասնաճյուղերի աջակցությամբ: Ատլանտայի Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհուրդը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծն ընդունել է 2015 թվականի օգոստոսի 18-ին, տեղական համայնքային հանդիպման ժամանակ, որն ուշագրավ էր Ամերիկայի հայկական համագումարի Ջորջիա նահանգի խորհրդի նախագահ դոկտոր Վահան Քասաբյանի զեկույցով: «Շատ ուրախ եմ, որ Հանրային հարցերով հրեական խորհրդի ղեկավարությունը և վերջինիս՝ ողջ երկրում գործող մասնաճյուղերը սատարում են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պետականորեն վերահաստատումը», - նշել է Համագումարի խորհրդի անդամ Անի Թոթահը: «Այս բանաձևն ամրապնդում է ցեղասպանությունների կանխարգելման գործընթացը և ուժեղացնում նրանց ձայներն, ովքեր գոչում են «Այլևս երբեք»,- ասել է Թոթահը: Ինչպես Համագումարն արդեն հաղորդել էր, Ամերիկայի հրեական համայնքը միավորվել է ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերջինիս հարյուրամյա տարելիցի ամբողջ ընթացքում: Սակայն Ամերիկայի հրեաների աջակցության հասարակական շարժումը սկիզբ է առել Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի և նահանգային համանախագահների՝ ամբողջ երկրով մեկ տարած աշխատանքների տարիներին: Շատերը նշում են 2007 թվականը որպես շրջադարձային տարի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պետականորեն հաստատմանն ուղղված Ամերիկայի հրեական համայնքի աջակցության գործընթացում, երբ Բոստոնի Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհուրդը (JCRC) հիմք դրեց ճանաչման գործընթացին, որն աջակցության մի հզոր ալիք առաջացրեց ի պաշտպանություն Բոստոնի Ընդդեմ զրպարտության դաշինքի (ADL) տնօրեն Էնդրյու Թարսի, ով պաշտոնանկ էր արվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Հպարտ ենք, որ Հանրային հարցերով հրեական խորհուրդն (JCPA) ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ այս քաղաքական դիրքորոշումը, որն արտացոլում է մեր խորը համերաշխությունը Ամերիկայի հայ համայնքի հետ»,- Համագումարին հայտնել է Բոստոնի Միջհամայնքային հարաբերությունների հրեական խորհրդի (JCRC) գործադիր տնօրեն Ջերեմի Բըրթոնը: «Հրեա և հայ ժողովուրդների միջև կապերն այսօր ամուր են, քան երբևէ և շարունակելու են ամրապնդվել»,-ասել է Բըրթոնը: Ի լրումն իր եզրահանգումների, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հանրային հարցերով
հրեական խորհրդի ընդունած բանաձևը կոչ է անում հրեական համայնքի հարաբերությունների առավել լայն շրջանակներին խորհրդակցել և աշխատել հայ ազգային կազմակերպությունների, խոշոր հրեական կազմակերպությունների, ինչպես նաև միջդավանական կոալիցիոն գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն օժանդակելու նպատակով: Հանրային հարցերով հրեական խորհուրդը կոչ է անում ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունն՝ ի հավելումն հորդորելով կոնգրեսականներին աջակցել ցեղասպանության ճանաչման կոչ անող Կոնգրեսի բանաձևերին: