Aysor.am-գրում է.
Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մկրտվեց երգչուհի Սոնա Շահգելդյանը: Aysor.am-ը, շնորհավորելով նորաթուխ քրիստոնյային, հետաքրքրվեց մկրտության մանրամասների մասին: «Նախ ասեմ, որ շատ եմ սիրում այդ եկեղեցին և ինքս եմ որոշել այնտեղ մկրտվել: Տոնական օրը կազմակերպել ենք ես և մայրիկս: Ճիշտ է, չէի պլանավորել, որ հենց այս տարիքում պետք է մկրտվեմ, բայց այսպես ստացվեց և ես շատ ուրախ եմ: Ինձ համար մկրտությունը, եկեղեցին շատ կարևոր է: Կարծում եմ, նույնիսկ կապ չունի, թե որ տարիքում ես նման որոշում ընդունում, կարևորը, որ կարողանում ես այդքան հասունանալ»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
Ի դեպ, կնքահայրը Ռուբեն Հախվերդյանն է. «Շատ մեծ պատիվ է ինձ համար՝ նման կնքահայր ունենալ: Իհարկե, նրանց ընտանիքի հետ մտերիմ եմ: Կարծում եմ, պետք է և՛ կնքահայրը, և՛ կնքամայրը քեզ շատ հարազատ ու մոտ մարդիկ լինեն: Ինձ համար ամենակարևորը մարդկային արժեքներն են: Ասեմ, որ ես հատուկ նվեր մատուցեցի կնքահորս՝ այնտեղի երգիչները կատարեցին նրա երգերից «Ինչ զով գիշեր է» երգը: Շատ լավ, ուրախ օր ունեցանք»:
Սոնայի հյուրերն էին ընտանիքի անդամները, հարազատներն ու, բնականաբար, ամուսինը: Մեր այն հարցին, թե ի՞նչ հետաքրքիր նվերներ է ստացել, երգչուհին ատասխանեց. «Ճիշտն ասած՝ ես նվերներին մեծ տեղ չեմ տալիս: Իսկ այդ օրվա համար կարևորն իմ խաչն է, որը կրում եմ: Իսկ ամենամեծ անակնկալս ամուսնուս կողմից մատուցած 101 վարդ էր: Համով ու գեղեցիկ, յուրահատուկ նվեր եմ ստացել տորթի տեսքով՝ Անահիտ Բեգլարյանից: Շնորհակալ եմ նաև Բելաջո ռեստորանին, երգիչներին: Ընդհանրապես, բոլորին եմ շնորհակալ»:՛
Արդյոք այս մկրտությունը նշանակում էր, որ երգչուհին, լինելով ամուսնացած, ցանկանում է նաև պսակադրվել և եկեղեցում Աստծո օրհնությանն արժանանալ. «Այո, Աստծո կամոք դա էլ կլինի, և ես նաև այդ նպատակով եմ մկրտվել: Մենք, իսկապես, այժմ միայն օրինականացրել ենք մեր հարաբերությունները, բայց շատ ենք ցանկանում պսակադրվել: Ամուսինս մկրտված է ու միակ խանգարող հանգամանքն իմ չմկրտված լինելն էր»:
Ամուսնությունից հետո շատ հաճախ զույգերը շտապ մկրտվում են մեկ դեպքում. եթե սպասում են փորիկի ծննդյանը: Հետաքրքրվեցինք, թե արդյոք նման բարի լուր ունի նաև Սոնան. «Դա թող դեռ գաղտնիք մնա: Եթե ինչ-որ նորություն լինի, ապա բոլորը կիմանան»: