2015թ. նոյեմբերի 9-ին Թեհրանում մեկնարկած Իրան-Հայաստան գործարար համաժողովի շրջանակում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և Իրանի արտահանման երաշխավորության հիմնադրամը /Export Guarantee Fund of Iran/ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված ՀՀ և ԻԻՀ միջև առևտրի և ներդրումների խթանմանը։
Հուշագիրը սահմանում է ընկերությունների համագործակցության շրջանակները, մասնավորապես՝ երկու երկրների միջև առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված համատեղ միջոցառումների իրագործումը, փորձի և տեղեկատվության փոխանակումը, դեբիտորական պարտքերի հավաքագրումը և այլ ուղղություններ։
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում:
Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: