Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և Չինաստանի արտահանման և վարկի ապահովագրության SINOSURE կորպորացիան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Սույն թվականի նոյեմբերի 2-6-ը Շանհայում տեղի ունեցավ Բեռնի Միության մաս կազմող Պրահայի ակումբի անդամ արտահանման ապահովագրական ընկերությունների հերթական տարեկան ընդհանուր ժողովը, որն այս անգամ հյուրընկալել էր չինական SINOSURE արտահանման ապահովագրական կորպորացիան: Վերոգրյալ ժողովի շրջանակներում Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության և SINOSURE արտահանման ապահովագրական կորպորացիայի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը սահմանում է ընկերությունների համագործակցության շրջանակները, մասնավորապես՝ երկու երկրների միջև առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված համատեղ միջոցառումների իրագործումը,ապահովագրական ռիսկերի կառավարման և պարտքերի հավաքագրման ուղղություններով փորձի և տեղեկատվության փոխանակումը, գործունեության հետ կապված հարցերի քննարկման համար գործնական հանդիպումների և վերապատրաստումների կազմակերպումը:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում:
Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետևանքով կրած
ֆինանսական վնասներից: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: