Հանրաքվեին ընդառաջ «Այո՛»-ի ճամբարն էլ, «Ո՛չ»-ի ճամբարն էլ փոքրամասնություն են կազմում, իսկ մեծամասնությունը «Մեզ համար մեկ ա»-ի ճամբարն ա։ Այլ կերպ ասած՝ չկողմնորոշված քաղաքացիները շարունակում են կազմել հոծ մեծամասնություն, իսկ հանրաքվեին մնաց մի քանի շաբաթ, ու որպես այս երրորդ ճամբարի ներկայացուցիչ՝ ուզում եմ կիսվել մի քանի դիտարկումներով՝ ընթացող քարոզարշավի մասին։
1․ Կողմերից և ոչ մեկը համոզիչ չէ
Ո՛չ «Այո»-ի, ո՛չ էլ «Ոչ»-ի ճամբարները չեն կարողանում սպառիչ ու հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու ես՝ միջին վիճակագրական չկողմնորոշված ընտրողս, պետք է քվեարկեմ այս կամ այն կերպ։ Առաջինները չեն կարողանում լավ բացատրել, թե իրականում ինչ առավելություն է պարունակում նոր սահմանադրությունը հասարակ ժողովրդի ու պետական համակարգի արդյունավետության համար, իսկ երկրորդներն իրենց հերթին չեն կարողանում ասել ոչ մի նոր բան, որ չեն ասել նախկինում։ Չեմ հավատում, որ պառլամենտական համակարգում նույն հանրապետականն ավելի ազգասեր ա դառնալու, բայց չեմ հավատում նաև, որ եթե սահմանադրությունը չփոխվի, «ռեժիմը» վերարտադրվել չի կարողանա (էն էլ ոնց կկարողանա, մի հատ օֆ էլ չի անի)։
2․ Քարոզչությունում ավելի կրեատիվ ու ակտիվ է «Ո՛չ»-ի ճամբարը
Եթե հանրապետականների ու բարեփոխումների կողմնակիցների պարագայում տեսնում ենք որոշակի պասիվություն ու անհավեսություն, ապա «Ոչ»-ի ճակատի պարագայում չի կարելի չգնահատել նրանց ջանասիրությունը, որով նրանք լծվել են քարոզչությանը։ Ընդ որում, երևում է, որ մարդիկ մենակ հին ու մաշված մեթոդներով չեն աշխատում։ Օրինակ՝ ֆեյսբուքում «Ո՛չ»-ի քարոզչական ալիքը շատ հզոր է, ու օրվա ընթացքում մի քանի անգամ տեսնում ես մոնտաժված կատակային կամ էլ խաղարկային տեսահոլովակներ, ֆլեշմոբեր՝ պրոֆիլի նկարները փոխելով ու խմբակային նկարներ անելով, քաղաքական գործիչների կարճ ելույթներով ու քարոզչական հոլովակներով։ Իսկ հանրապետականներն իրենց պահում են այնպես, ասես մեկ ա՝ իրենցն է անցնելու, ու հավես չունեն ինչ-որ բան անել։
3․ Դաշտում առկա է որոշակի պասիվություն ու հոգնածություն
Խոսքը «Մեզ համար մեկ ա» ճամբարի մասին է։ Այս պահի դրությամբ դեռ կողմերից ոչ մեկին չի հաջողվում կատալիզացնել այս լուռ մեծամասնությանն ու գոնե բերել նրանց ակտիվ հետաքրքրվածության ստադայի, որպեսզի դրանից հետո զբաղվեն արդեն իրենց կողմնակիցների ճամբարը լրացնելով։ Սա առաջին հերթին կապված է այն գործոնների հետ, որոնց մասին գրել եմ 1-ին կետում, ինչպես նաև այն բանի հետ, որ նոր դեմքերի սուր պակաս կա երկու ճամբարներում էլ, իսկ եղածներն էլ վաղուց սպառել են իրենց քարոզչական ռեսուրսն ու գրավչությունը։