Երեկ Սուրբ Հռիփսիմե եկեղեցում կայացավ երգչուհու համար այնքան կարեւոր մկրտության արարողությունը:
Life.panorama.am-ը իր շնորհավորանքները հղելով՝ փորձեց տեղեկանալ Սոնա Շահգելդյանի մկրտության վերաբերյալ մանրամասներից: Մեզ հետ զրույցում Սոնան նշեց.
«Ես շատ հավատացյալ մարդ եմ, բայց քանի որ մեր հայ Առաքելական Եկեղեցում չէի ստացել իմ մկրտությունը, ասես լիիրավ քրիստոնյա չլինեի, ուստի հատկապես մայրիկիս նախաձեռնությամբ որոշեցի վերջապես մկրտվել: Իհարկե, որոշ իմաստով գուցե ուշացրել ենք այս կարեւոր իրադարձությունը, բայց երեւի ամեն բան իր ժամանակն ունի, ամեն բան տեղի է ունենում իր ճիշտ ժամանակին»:
Երգչուհուհին պատմեց, որ եկեղեցու ընտրության հարցում իր հատուկ որոշումն է ունեցել. «Իհարկե, ես մեր բոլոր եկեղեցիներն ու վանքերը շատ եմ սիրում, բայց ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, ուստի հենց այստեղ էլ որոշեցի մկրտվել եւ այս եկեղեցու ներսում ստանալ Աստծո օրհնությունը՝ ուղղված իմ նոր կարգավիճակին»,- պատմեց Սոնան:
Երգչուհին նկատեց նաեւ, որ կնքահոր ընտրությունը եւս իրենն է եղել՝ կրկին սրտի ձայնին լսելով. «Ինձ համար շատ կարեւոր է, թե ով է կնքահայրն ու կնքամայրը: Ես շատ սրտանց կերպով ընտրեցի Ռուբեն Հախվերդյանին եւ իր կնոջը, քանի որ նրանց ընտանիքը շատ եմ սիրում, մենք շատ մտերիմ ենք, շատ եմ հարգում Ռուբեն Հախվերդյանի խոսքը, նրա ամեն խորհուրդ հաշվի եմ առնում, նրա հետ կարող եմ կիսվել անգամ իմ անձնական կյանքից, իսկ այսուհետ արդեն որպես սանիկ պարտավոր կլինեմ հետեւել նրա ամեն խոսքին եւ էլ ավելի արժեւորել նրա խորհուրդները: Պետք է նշեմ նաեւ, որ շատ ուրախ եմ, որ Ռուբեն Հախվերդյանը չմերժեց ինձ եւ դարձավ իմ կնքահայրը»,- նշեց Սոնա Շահգելդյանը:
Երգչուհին պատմեց նաեւ, որ եկեղեցում մկրտրության արարողությունից հետո միայն շատ մտերիմ մարդկանց շրջանակում շարունակել են իրենց ուրախությունը երեւանյան ռեստորաններից մեկում. «Իհարկե, խնջույք կազմակերպեցինք, բայց նեղ շրջանակով, ներկա էին միայն հարազատներս»,- նկատեց նա:
Հետաքրքրվելով, թե հոգեվիճակի եւ զգացմունքային փոփոխություններ զգո՞ւմ է արդյոք երգչուհին մկրտությունից հետո, Սոնա Շահգելդյանը պատասխանեց. «Երբ մկրտվում ես, կարծես թե աշխարհդ ամբողջովին փոխվում է, կարծես թե հոգիդ մաքրվում է ու քեզ իսկապես նվիրյալ քրիստոնյա ես զգում: Այս պահին շուրջս գոյություն ունեցող ամեն բան ասես ուրիշ է դարձել, բառերով նկարագրել դժվար է, բայց ես իսկապես ինձ երջանիկ եմ զգում, որ վերջապես մկրտվեցի»:
Շարունակությունը` այստեղ: