Նոյեմբերի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած և այսօր Հայաստան վերադարձած 76-ամյա Լուսիկ Աբովյանի վիճակը բավարար է, կատարված քննություններով, ամեն ինչ նորմայի սահմանում է:
Այս մասին Shabat.am-ին ասաց Իջևանի բժշկական կենտրոնի բժշկուհի Էլմիրա Ենգիբարյանը:
«Մառախլապատ է եղել, շփոթվել է, սխալ ճանապարհով է գնացել ու հայտնվել նրանց տարածքում: Եղել են այնտեղ հովիվներ, հավանաբար կապ են հաստատել իրենց զինվորնական բարձրաստիճանների հետ, նրան տեղափոխել են թուրքի Ոսկեպարի շտաբ՝ իր ասելով: Այնտեղից էլ Ղազախ: Կինը բավարար վիճակում է, արտաքինից բռնության ոչ մի հետք չկա: Շաքարն է նորմայից բարձր, ինչը բնական է, նա վախեցել է: Բայց, իր ասելով, իր հետ շատ լավ են վարվել՝ ի զարմանս ինձ ու բոլորի»,-ասաց բժկուհին:
Նրա խոսքով, Լուսիկ Աբովյանը պատմել է, որ օրը երեք անգամ սուրճ, թեյ, սնունդ են տվել, բայց նա չի կերել՝ վախեցել է:
«Իհարկե, շփոթված էր, մի անձեռոցիկ է տվել, ասում է՝ իմ սիրտը նկարել են, սիրտս վատ էր, ճնշումս բարձր էր, ինձ դեղ են տվել, բայց չեմ խմել: Իր վիճակը հարաբերական բավարար է, որովհետև ինչ գիտենք, ինչ կարող են արած լինեն: Գտնվում է մեր բժիշկների հսկողության տակ, այժմ թերապեվտիկ բաժանմունքում է: Իհարկե, ոչ մի դեղորայքային միջամտություն չի արվում, հետազտություններ են կատարվում: Նրա հոգեբանական վիճակը այքան արտառոց չէ: Ներվոպոտոլոգը հետազոտություն կատարեց, շեղումներ չկան»,-ասաց Էլմիրա Ենգիբարյանը:
Նրա խոսքով, տարեց կինը պատրաստ է եղել տուն գնալ,ասել է՝ ամուսինս ինձ սպասում է:
«Գնացել էր պանիր գնելու, պանիրը գնել է, շփոթված ուրիշ տեղ է գնացել: Ասում էր՝ ամուսինս սպասում է, տանում եմ էս պանիրը: Պանիրը գրկած եկել էր»,-պատմեց բժշկուհին:
Նրա փոխանցմամբ, կնոջ հագուստներն ամբողջովին փոխվել են. «Դե, ինչ ասես, մտածեցինք: Նոր «կուռտկա» կար իր հագին: Ոչ մեկի հետ իրեն չեն փոխանակել: Ուրախացած եկել էր: Չնայած շփոթված էր, բայց իր ընտանիքի անդամներին ճանաչեց»,-ասաց Իջևան բժշկական կենտրոնի բժշկուհին, հավելելով, որ կնոջ մոտ ներքին օրգանների կատարված հնարավոր քննություններով ևս հիվանդություններ չեն հայտանբերվել, բացի շաքարից, որն էլ սթրեսսային է՝ նա նախկինում չի ունեցել շաքար:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ նոյեմբերի 8-ին գերի է ընկել Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի բնակչուհի Լուսիկ Ղուկասի Աբովյանը (1939 թվականի ծնված)։
76-ամյա կինը նոյեմբերի 12-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո վերադարձվել է Հայաստան: