Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մամուլն անընդհատ անդրադառնում է Գյումրու նախկին քաղաքապետի և իր ընտանիքի շուրջ ծավալվող խոսակցություններին: Եվ պատահական չէ, որ հենց սահմանադրական բարեփոխումների ֆոնին է Վարդան Ղուկասյանը մեծ ակտիվություն ցուցաբերում:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ղուկասյանն ասել էր. «Եթե միասեռականություն չկա, ես կողմ եմ, «այո» եմ ասում:
«Ժողովուրդ» թերթի հրապարակած հոդվածի համաձայն՝ Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով այո-ներ ապահովելու նպատակով տեղի իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» Է իրականացրել։ Եվ տեղեկությունների համաձայն տեղամասներից երկուսը «բաժին» է հասել նաև նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
«Ես նման բաներով չեմ զբաղվում, ընդհանրապես ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, խնդրում եմ, ինձ էդպիսի հարցրեր չտաք»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց նախկին քաղաքապետը:
Նա նաև չպտասխանեց այն հարցին, թե եկող տարի անցկացվելիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվելո՞ւ է, թե՝ ոչ:
Չնայած Ղուկասյանը պնդում է, որ քաղաքականությամբ չի զբաղվում, բայց մամուլի հրապարակումները վկայում են, որ Ղուկասյանի PR-ով զբաղվողները, համենայնդեպս փորձում են լավ աշխատել, որպեսզի նրա աստղը չմարի: Չի բացառվում, որ անհրաժեշտ այո-ներ ապահովելուց և իրեն արդարացնելուց հետո Ղուկասյանը կրկին կվերադառնա իր պաշտոնին: