Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցման համար մոտ ժամանակներս կսկսվի Հայաստանի Հանրապետության սոցիալապես անապահով ընտանիքներին հեռուսատատեսային թվային ընդունիչ սարքերի բաշխումը: Նոյեմբերի 12-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված հանրային քննարկմանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը:
«Արդեն կա որոշում, որ 48.733 ընդունիչ պետք է ձեռք բերվի «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի միջոցներով, որը պետք ՀՀ տարածքում բաժանվի ՀՀ ՏԿԱԻՆ-ի կողմից: Սոցիալական բաղադրիչի լուծումը շատ կարևոր խնդիր է, ինչպես շուրջ մեկ տարի առաջ ասաց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, թվային հեռարձակմանն անցումից հետո ոչ մի հեռուստադիտող չի զրկվի հեռուստատեսային տեղեկատվություն ստանալու իր իրավունքից»,- «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ ասաց փոխնախարարը, հավելելով, որ Կառավարությունը կարևորում է նաև թվայնացման փուլում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, փոփոխությունների գործընթացում կարևորելով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը, հեռուստառադիոարտադրանքի սպառողի շահերի գերակայության խնդիրը:
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն էլ նշեց, որ Հայաստանի Հանրապետության բնակչության մի մասն իրազեկված չէ թվայնացման գործընթացի մասին:
«Չի կարելի պնդել, որ բնակչությունն ամբողջությամբ տեղեկացված է թվայնացման գործընթացի մասին և որ հունվարի մեկից պետք է անալոգային հեռարձակումն անջատվի: Երբ այցելում էինք մարզեր այնտեղ էլ նկատելի էին բազմաթիվ խնդիրներ և տեղեկացվածության, և բնակչությանն ապակոդավորող սարքերով ապահովվածության առումով»,- հավելեվ ԽԱՊԿ նախագահը
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն ասաց, որ թվայնացումը պետք է ավելացնի մամուլի զանազանությունը և բազմակարծությունը:
«Ցավալի է,որ Հայաստանի Հանրապետության Խորհրդարանը չընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները, որ կարողանային ապահովել անալոգային հեռարձակումից թվայինի անցնումը: Չնայած այս ամենին, հետագա բարեփոխումները թվայնացման ոլորտում անկարելի է թերագնահատել»,- նշեց նա:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանն էլ կարծում է, որ թվային հեռարձակումը մի քիչ ավելի ուշ սկսելն ունի իր առավելությունը:
«Մեր բախտն ինչ-որ չափով բերեց, որ մի փոքր ուշ ենք սկսում թվային հեռարձակումը, քանի որ այս ընթացքում հնարավորություն ունեցանք ուսումնասիրելու Եվրոպական փորձը, որտեղ թվային հեռարձակման խնդիրներն ի հայտ են եկել անմիջապես: Երբ մենք հայեցակարգն ընդունեցինք, այն սկզբնական շրջանում ավելի ընդհանրական էր, հետո դարձավ առարկայական»,- հավելեց նա:
Դադասյանը նշեց նաև, որ մարզային այն հեռուստալիքներին, որոնք չեն հաղթել 2010-ին հայտարարված մրցույթում, քաղաքական համապատասխան որոշմամբ պետք է հնարավորություն տրվի ինչ-որ կերպ եթեր հեռարձակվել: