Չիլիի Ատակամա անապատում սկսվել Է աշխարհի ամենամեծ աստղադիտակի (GMT) շինարարությունը: Դրա հիմնարկեքի արարողությանը մասնակցել Է Չիլիի նախագահ Միշել Բաչելետը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Սա մի նախագիծ Է, որը կապահովի ազգային աստղագիտության զարգացումը,-պետության ղեկավարի խոսքը մեջբերում են չիլիական ԶԼՄ-ները:-Դժվարությունները հաղթահարված են, եւ այդ ջանքերն արդարացված են, քանի որ նոր հնարավորություններ կբացվեն դիտարկումների համար»:
Աստղադիտակի գլխավոր հայելու տրամագիծը, որը բաժանված Է յոթ հատվածների, կկազմի 25,4 մետր: Սարքը թույլ կտա ստանալ 10 անգամ ավելի հստակ պատկերներ, քան ստացվում Էր «Հաբբլ» տիեզերական աստղադիտակի օգնությամբ: Աստղադիտակը պաշտպանված կլինի 22-հարկանի տան բարձրության գմբեթով:
Գիտնականներն ակնկալում են, որ սարքն իրենց կօգնի ավելի շատ տեղեկատվություն հավաքել սեւ անցքերի եւ երկնային մարմինների վերաբերյալ, որոնք գտնվում են Արեգակնային համակարգի սահմաններից դուրս, ինչպես նաեւ, հնարավոր Է՝ գտնել Երկրին նման մոլորակներ: Բացի այդ, հետազոտողները հուսով են, որ աստղադիտակը թույլ կտա ստանալ հին գալակտիկաների պատկերները:
Ինչպես սպասվում Է, աստղագիտական սարքը, որը տեղադրված Է 2500 մետր բարձրության վրա, կսկսի գործել 2021 թվականին: Շինարարության արժեքը կազմում Է ավելի քան 500 մլն դոլար: Նախագծին մասնակցում են ԱՄՆ-ը, Ավստրալիան, Բրազիլիան, Հարավային Կորեան եւ Չիլին:
Ատակամայում, որը մոլորակի ամենաչոր վայրերից մեկն Է, արդեն տեղակայված են մի քանի աստղադիտարաններ: Իր կլիմայի շնորհիվ բարձրլեռնային սարահարթը իդեալականորեն համապատասխանում Է տիեզերքի դիտարկումների համար: Այս նույն անապատում պատրաստվում են տեղադրել Եվրոպական մեծ աստղադիտակը (E-ELT), որը կարող Է GMT-ից խլել ամենամեծ աստղադիտակի կոչումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: