Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև նոյեմբերի 11-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ փոխարտգործնախարարների մակարդակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդատվությունները հայկական կողմից գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի ԱԳ նախարարի տեղակալ Վեպա Խաջիևը:
Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու նոր հնարավորությունները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է նման միջոցառումների պարբերական անցկացումը, որն արդյունավետ հարթակ է երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը քննարկելու համար: Ընդգծվել է հայ-թուրքմենական հարաբերությունների խորացման և զարգացման գործում բարձրաստիճան փոխայցելությունների շարունակականության հետագա ապահո վման կարևորությունը:
Խորհրդատվությունների օրակարգում ներառված էր հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական փոխգործակցության հետագա ակտիվացումը, երկկողմ տնտեսական բաղադրիչի հնարավորությունների օգտագործումը, միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության ծավալումը, հումանիտար և մշակութային կապերի խորացումը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնումը:
Խորհրդակցությունների ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների շուրջ: