Կարևոր իրադարձություններ

Մրցակցությունը երբեմնի դիրքի համար կարող է նոր թափ առնել

13 Նոյեմբեր, 2015 13:10
Մրցակցությունը երբեմնի դիրքի համար կարող է նոր թափ առնել

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, բայց քաղաքականությունը երբեք չմոռացավ նրան:

Ենթադրություններն ու գուշակությունները Ծառուկյանի խորհրդավոր վերադարձի շուրջ պարբերաբար գլուխ են բարձրացնում և նոր հետաքրքրություն առաջացնում նրա անվան շուրջ:

Այդպես օրինակ, վերջերս Ծառուկյանի հնարավոր վերադարձի շուրջ խոսակցությունները բորբոքվեցին այն բանից հետո, երբ ֆինանսների նախարարը հայտարարեց, որ  Ծառուկյանին պատկանող 7 տնտեսություններից 6-ում ստուգումներն ավարտվել են, և էական խախտումներ չեն հայտնաբերվել:

Սա միանգամից առիթ տվեց մտածելու, որ Ծառուկյանի ճանապարհը բաց է և նա արդեն կարող է վերադառնալ, սակայն խորհրդավոր լռությունը, կարծես թե, չի խախտվում:

Ծառուկյանի տեղին է հավակնում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ում քաղաքական նկռտումներում հանրությունը միանգամից նմանություն գտավ:

Սակայն, ասում են, թե որքան էլ  ԲՀԿ-ում բոլորը պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս է եկել ու այլևս չի վերադառնալու,  իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ որոշակի զարգացումների դեպքում, ամեն ինչ կարող է այլ ընթացք ստանալ՝ անակնկալ զարգացումներով:

Ծառուկյանի վերադարձը կապվում է Արա Աբրահամյանի քայլերի հետ, մասնավորապես տեղեկություններ են տարածվել, որ օրինակ, եթե Աբրահամյանը որոշի լուրջ ռեսուրսներ գործածել հայաստանյան քաղաքական դաշտում, Ծառուկյանը կհիշի երբեմնի քաղաքական գործունեությունը և կազդարարի իր վերադարձի մասին:

Այլ կերպ ասած, մրցակցությունը երբեմնի դիրքի համար, կարող է նոր թափ առնել և հետաքքրիր հանգուցալուծում ունենալ: Արդարության համար պետք է նշել, որ Ռուսաստանի հայերի միության նախագահը, որքան էլ փորձի մտնել հայաստանյան քաղաքական դաշտ և դառնալ քաղաքական ֆիգուր, ունի մի մեծ ու կարևոր խնդիր՝ հանրության շրջանում այնքան էլ մեծ վստահություն կամ ոգևորություն չի նկատվում նրա քայլերի նկատմամբ:

Այսօր էլ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո կարող է փոխվել ԲՀԿ առաջնորդը` առաջիկա ԱԺ ընտրություններին նորացված ԲՀԿ-ով գնալու համար: Ըստ նոր տեղեկությունների, այդ համատեքստում տրվել են   որոշ անուններ, որոնց թվում է նաև Գագիկ Ծառուկյանը։

Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Ծառուկյանին հանեցին անվտանգության խորհրդից, քաղաքականությունից, սակայն պատգամավորի մանդատը թողնվեց:

Այս համատեստքում հետաքրքիր է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե կային մարդիկ, ովքեր Ծառուկյանի միջոցով ուզում էին  որևէ խնդիր լուծել:  Նա հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի գործում խառն էին  այնքա՜ն շատ մատներ, այդ թվում՝ Լեւոն- Տեր Պետրոսյանի մատը. «Չկար Գագիկ Ծառուկյանը, բոլոր մարաղ մտան»:

Հետաքրքիր է, թե, ինչպես ասում է Գալուստ Սահակյանը, մարաղում եղածները դուրս կգա՞ն, երբ Ծառուկյանը վերադառնա, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ըստ տարածված տեղեկությունների, «վերադարձած Ծառուկյանն ու նորացված ԲՀԿ-ն այլևս որեւէ կապ չեն ունենա Քոչարյանի հետ եւ կլինեն սրսուռ սերժսարգսյանական»:

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին